ՄԱԿ պարենային ծրագիրը նախազգուշացրել է Սուդանում կռվող կողմերին Դարֆուրում զանգվածային սովի եւ մահերի լուրջ վտանգի մասին, եթե նրանք թույլ չտան, որ հումանիտար օգնությունը հասնի արեւմտյան շրջան, տեղեկացրել է АР-ը։
Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) տարածաշրջանային ներկայացուցիչ Լենի Քինզլին հայտնել է, որ առնվազն 1,7 մլն մարդ Դարֆուրում դեկտեմբերից սովի է մատնված, եւ «սպասվում է, որ այսօր այդ թիվը շատ ավելին կլինի»։
«Մեր կոչերը հումանիտար օգնության առաքումն ապահովելու մասին Սուդանում երբեք այսքան կարեւոր չեն եղել»,- ասել է նա Նայրոբիից, ՄԱԿ վիրտուալ մամուլի ասուլիսում։
Քինզլիի խոսքով՝ ՊՀԾ գործընկերները տեղերում տեղեկացնում են, որ իրավիճակն Էլ-Ֆաշերում չափազանց ծանր է, եւ ռմբակոծություններից ու գնդակոծություններից փրկվել ցանկացող քաղաքացիական անձանց համար դժվար է հեռանալ այդտեղից։
Սուդանը քաոսային իրավիճակում է 2023թ. ապրիլից, երբ վաղեմի հակասությունները գեներալ Աբդել Ֆաթահ Բուրհանի գլխավորած եւ Արագ արձագանքման ուժերի (հրամանատար՝ Մոհամեդ Համդան Դագալո) զինվորականների միջեւ վերածվեցին փողոցային մարտերի երկրի մայրաքաղաք Խարթումում։ Մարտերը տարածվեցին նաեւ երկրի այլ մասերում, հատկապես քաղաքային շրջաններում եւ Դարֆուրում։
Արագ արձագանքման ուժերի ռազմականացված կազմավորումները վերահսկողություն են սահմանել Դարֆուրի մեծ մասում եւ պաշարում են Էլ-Ֆաշերը՝ Դարֆուրի մայրաքաղաքը, որտեղ ապաստան են գտել մոտ 500 000 քաղաքացիական անձինք։





























