Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Աստանայի պատրաստակամության մասին՝ օգնելու բոլոր խաղաղ գործընթացներին, այդ թվում՝ Հայաստանին և Ադրբեջանին։
«Իհարկե, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել աշխարհին առնչվող բոլոր գործընթացներին։ Սա ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան է, այլ նաև Հայաստանն ու Ադրբեջանը, սիրիական, իրանական հարցերի շուրջ։ Երևի բարձր է ասված՝ լինել միջնորդ, բայց մենք, իհարկե, պատրաստ ենք հարթակ տրամադրել, որոշակի պայմաններ ստեղծել»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ այժմ կան բազմաթիվ տարբեր նախաձեռնություններ, և «կա հստակ գիտակցում, որ առանց Ռուսաստանի մասնակցության այդ գործընթացներն անհնարին են»։
«Իհարկե, այս գործընթացներում միշտ պետք է հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը։ Իհարկե, մենք պատրաստ ենք լինել, ինչպես ասում եմ, ոչ թե միջնորդ, այլ հարթակ տրամադրել ու որոշակի պայմաններ ստեղծել։
Շատ կարևոր է սկսել խոսել։ Նույնիսկ եթե բանակցությունները, ես հիմա նկատի չունեմ Ռուսաստանին ու Ուկրաինային, այլ ընդհանրապես ցանկացած հակամարտություն, շատ կարևոր է սկսել ուղղակի խոսել, սա առաջին քայլն է, երբ մարդիկ սկսում են ինչ-որ փոխըմբռնման գալ։ Եթե ընդհանրապես չես խոսում, դա ամենավատ բանն է, որ կարող է պատահել:
Ղազախստանը հաստատակամորեն հավատարիմ է, և նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ Տոկաևը այս մասին բազմիցս խոսել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում բոլոր գործընթացների իրականացմանը: Մեր դիրքորոշումը շատ հստակ է»,- նշեց նա։



























