Բեռլինի ոստիկանությունն արգելել է ռուսական խորհրդանշանների ցուցադրումը հիշատակի միջոցառումների ժամանակ, որոնք տեղի են ունենալու մայիսի 8-ին եւ 9-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 79-ամյակի առիթով, գրել է RBB24-ը։ Խոսքը Ռուսաստանի դրոշների, գեորգիեւյան ժապավենների, ռուսական զինվորական համազգեստի, Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման հետ կապված «V», «Z» սիմվոլիկայի մասին է։

Սահմանափակումները վերաբերելու են միայն այն միջոցառումներին, որոնք տեղի են ունենալու խորհրդային հուշահամալիրների մոտ, դրանք չեն տարածվում նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների վրա։

Արգելքին արդեն արձագանքել են Գերմանիայում ՌԴ դեսպանությունում։ Այստեղ այս որոշումն անվանել են «անընդունելի» եւ «խտրական»՝ նշելով, որ սահմանափակումները հակասում են «Ռուսաստանի եւ Գերմանիայի ժողովուրդների հետպատերազմյան պատմական հաշտեցման ոգուն»։