Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Գազայի հատվածում պատերազմի պատճառով շարունակում են փոխադարձ վիրավորանքները։

«Պարոն Նաթանյահու, դուք պատմության մեջ կմնաք որպես ցեղասպանություն իրականացրած մարդ։ Հազարավոր անմեղ երեխաների, կանանց և ծերերի վրա ռումբեր նետելով՝ դուք հերոս չեք դառնում»,- գրել է Պետրոն X-ի իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով Նաթանյահուի գրառումը, որով վերջինս ամոթանք էր տալիս Պետրոյին՝ ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար:

Նա Նաթանյահուին համեմատել է Եվրոպայում միլիոնավոր հրեաների սպանած նացիստների հետ և հայտարարել, որ «ցեղասպանությունը ցեղասպանություն է»՝ անկախ սպանվածների դավանանքից:

Նաթանյահուն ավելի վաղ Պետրոյին անվանել էր «հակասեմիտ, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ին», այն բանից հետո, երբ Կոլումբիայի առաջնորդը կոչ էր արել ձերբակալել Իսրայելի վարչապետին՝ Գազայում պաղեստինցիների սպանության համար: