Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` նոյեմբերի 17-ին, Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին, ներկայացրել է նոր կարգեր բուհական կրթական համակարգում, որոնք նպատակ ունեն նպաստել  կրթական գործընթացում ուսանողների իրավունքների պաշտպանության ընդլայնմանն  ու բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

NEWS.am-ին Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը, որը Բոլոնիայի գործընթացի գերակա ուղղություններից մեկն է Դա նշանակում է ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն այն ակադեմիական տարածքում, որի մասն են կազմում  ոչ միայն Հայաստանի, այլև Բոլոնիայի գործընթացի անդամ այլ երկրների  բարձրագույն ուսումնական հաստատությունները, որ ըստ նախկինում գործող կարգի` ուսանողը մի բուհից մեկ այլ բուհ տեղափոխվելու համար պետք է  թույլտվություն ստանար երկու ռեկտորներից, ինչը դժվարացնում էր տեղափոխման գործընթացն ու այդքանով սահմանափակում շարժունությունը` ստեղծելով հավելյալ կոռուպցիոն ռիսկեր: Նոր կարգով, թողարկող բուհի ռեկտորի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ն նաեւ հայտնել է, որ էական փոփոխություններ են կատարվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման` այսինքն պետական ավարտական քննություններին վերաբերող կարգում: Գործող կարգով պետական ավարտական քննությունները վերահանձնման եւբողոքարկման ենթակա չէին: Նոր կարգով նվազեցվել է նաև քննական հանձնաժողովի նախագահի ազդեցությունը գնահատականի ձևավորման վրա: Մյուս գլխավոր փոփոխությունը` եթե նախկինում պետական ավարտական քննության ժամանակ անհաջողության մատնված ուսանողը կարող էր քննությունը վերահանձնել 3 տարվա ընթացքում, ապա այժմ ժամանակային սահմանափակումը հանվել է: Ուսանողների հեռացման, ազատման կամ վերականգնման  կարգով սահմանվում են հետևյալ նորարարությունները` եթե նախկինում ուսանողը որևէ քննություն չհանձնելու պատճառով հեռացվում էր բուհից, ապա վերականգնվելու դեպքում  ստիպված էր վճարել ուսումնական ողջ դասընթացի արժեքը:

Նոր կարգով վերականգնված ուսանողը պետք է վճարի միայն այն առարկաների կրեդիտների արժեքը, որոնցից նա ձախողվել է:  Մյուս նորությունը` եթե նախկինում ուսանողը «անբավարար» էր ստանում երեք  ընթացիկ քննություններից, ապա հեռացվում էր բուհից: Իսկ այժմ քննությունը չստանալու դեպքում, ուսանողը դուրս չի մնա, կտեղափոխվի հաջորդ կուրս` ունենալով պարտք, որը նա պետք է մարի ընթացիկ դասընթացներին զուգահեռ, մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը: Որոշակիորեն հստակեցվել են նաև բանակ զորակոչված ուսանողների հետագա կրթությունը շարունակելու խնդիրները. «Բանակ զորակոչված ուսանողի տեղը երաշխավորված է, վերադառնալուց հետո նա պետք է առանց խոչընդոտի շարունակի կրթական գործընթացն այն կետից, որից այն ընդհատվել է` անկախ ծրագրային տարբերություններից: Տարբերություններն ուսանողը կհանձնի ընթացիկ դասընթացներին զուգահեռ»,- շեշտել է Ա. Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ վերոնշյալ կարգերն արդեն հաստատված են եւ այժմ գտնվում են  արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման փուլում: Դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից հետո: