Թուրքիայի նախագահ Աբդուլաh Գյուլի՝ նախորդ շաբաթ սիմվոլիկ այցը Թունջելի, որի բնակիչների մեծ մասը իսլամական Ալեւի աղանդի հետեւորդներ են, մեծ արդյունք չտվեց, քանի որ նրանցից հազարավորները հավաքվել են Ստամբուլի Կադիքյոյ շրջանում՝ կոչ անելով կառավարությանը հարգել իրենց շահերը, գրում է թուրքական «Hurriyet»-ը:

Թերթը գրում է, թե «Գյուլն այցելել է ջեմեւի կոչվող աղոթարաններից մեկը»: Սակայն այդ աղանդի հետնորդների կողմից նախագահի այդ քայլը որակվել է որպես ոչ անկեղծ, քանի որ իրենց կոչերը՝ վերացնել «Կրոնական գործերի տնօրինություն» հաստատությունը, դադարեցնել պարտադիր կրոնական դասերը եւ ճանաչել ջեմեւիները որպես օրինական աղոթարաններ, առ այսօր չեն հարգվել իշխանությունների կողմից":

«Շատ նախագահներ են այցելել սեմեւիներ, սակայն ինչ օգուտ, եթե դրանք չեն համարվում աղոթարաններ: Մենք չենք կարող մեր ձայնը լսելի դարձնել լրատվամիջոցներով, միակ եղանակը ցույցերն են: Մենք առ այսօր չենք տեսել ոչինչ, ինչ պիտի աներ կառավարությունը այսպես կոչված „Ալեւի-բարեփոխումներից“: Այն, ինչ կոչվում է „Ալեւիների հարց“, մենք քաղաքական ամոթ եւ անպատվություն ենք անվանում»,- հայտարարել է «Ալի-Բեքթաշի» ընկերակցության նախագահ Ալի Բալքիզը:

«Մյուս ցուցարարների տրամադրությունները եւս նույնն էին»,- գրում է թերթը:

Նշենք, որ Ալեւին շիաների աղանդ է եւ համարվում է Թուրքիայի թվով երկրորդ կրոնական համայնքը: Ալեւիների թիվը Թուրքիայում հասնում է մինչեւ 10 մլն-ի: Նրանց կրոնական համոզմունքներում շատ տարբերություններ կան սուննիների եւ շիաների ուսմունքից: Օրինակ, ի տարբերություն սուննիների, ալեւիներն աղոթում են ոչ թե մզկիթներում, այլ ջեմեւի աղոթարաններում: