Գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում, նոյեմբերի 16-ից, հարկային ստուգումներ են սկսվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ինքը` Սիլվա Համբարձումյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հարկային ստուգումները հերթակա՞ն են, թե պայմանավորված են Սյունիքի մարզպետի եւ իր միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ, Համբարձումյանն ասաց. «Չեմ ուզում այդպես մտածել, ուզում եմ հավատալ, որ ստուգումները հերթականն են, բայց չէ որ մեր Արաբկիրի հարկայինի պետը Տիգրան Սարգսյանի եղբայրն է: Ստուգում են, թե ինչքան ենք արտադրում»:

Ս. Համբարձումյանն ասաց, որ իր ընկերությունը ժամանակին կատարում է հարկային բոլոր պարտավորությունները: Նա նաեւ նշեց, որ հարկային տեսուչները եկել են ընկերությունում դեռեւս նոյեմբերի 16-ին:

«Ասեցի` եկել եք, բարով եք եկել, թաքցնելու ոչ մի բան չունեմ: Իրենք ուզում էին ստուգումը սկսել այսօրվանից, սակայն ես ասացի, որ նույն օրն էլ սկսեն ստուգումները, որպեսզի չասեն փաստաթղթերը սարքեցիք: Ես խնդիր չունեմ, ամեն ինչ անում եմ ֆակտուրաներով, վաճառում եմ նույնպես ֆակտուրաներով»,- ասաց Համբարձումյանը:

Անդրադառնալով Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում իր գրավոր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործին` ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հարվածներ է հասցրել իրեն, Ս. Համբարձումյանն ասաց, որ իրեն դեռ չեն հրավիրել հարցաքննության: «Մյուսներին են հրավիրում: Իմացել եմ, որ երկու հոգու հրավիրել են հարցաքննության, բայց թե ովքեր են չգիտեմ»,- հավելեց նա:

Ս. Համբարձումյանը նաեւ տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին կկայանա Վերաքննիչ վարչական դատարանում քաղաքացիական առաջին դատական նիստը «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքի հետ կապված:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, նոյեմբերի 14-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ): Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների առ այն, որ «Լիճվազք-Թեյի» ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում։