Իսպանիայում բնակվող վրացի փախստականները բողոքում են, որ Վրաստանի հյուպատոսությունը ճնշումներ է գործադրում իրենց վրա, հայտնում է վրացական Journalist.ge գործակալությունը:
Ինչպես հայտարարել են «Վրացի փախստականներ» ոչ կառավարական կազմակերպությունից, Վրաստանի իշխանությունների ցուցումով, տեղի հյուպատոսարանի ներկայացուցիչները բոլոր հնարավոր միջոցներով փորձում են ճնշել վրացի փախստականներին: Նրանց ներկայացմամբ, ճնշումների պատճառն այն է, որ իրենք ստորագրահավաք են սկսել գործարար Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:
Իսպանիայում Վրաստանի հյուպատոսությունը փախստականներին ստիպում է ընդհատել նման ստորագրահավաքը:
Ըստ գործակալության, Իսպանիայում բնակվող վրացի փախստականները պնդում են, որ իրենց ունեցած փաստերի միջոցով կարող են ապացուցել հյուպատոսարանի կողմից իրենց վրա ճնշում գործադրելու հանգամանքը:
Նշենք, որ գործարար Իվանիշվիլին վերջերս հայտարարել է քաղաքականություն մտնելու եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Վրաստանի իշխանությունները սակայն, նրան զրկել են երկրի քաղաքացիությունից, նշելով, որ նա Ռուսաստանի ու Ֆրանսիայի քաղաքացիություն ունի:




























