Նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում գումարվելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը:
Հայաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհուրդը, որը 2008 թվականից նախագահում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քննարկելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, Խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների եւ հանձնարականների իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման եւ ներդրողների օրինական իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների միջեւ գաղտնի տեղեկությունների փոխանակման ու օգտագործման հարցերը:
Նիստի ժամանակ մասնակիցների կողմից ներկայացվելու են արժեթղթերի շուկաներում հաշվարկային համակարգը եւ արժեթղթերի շուկաների հարկման մեխանիզմները կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, ինչպես նաեւ տեղեկատվություն ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակի մասին:
Նշենք, որ ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկա պահին Խորհրդի կազմում ընդգրկված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:




























