Նախնական մաքսային հայտարարագրման գործընթացի շնորհիվ մաքսազերծման ժամկետը՝ Հայաստան մուտքից մինչև ապրանքների բացթողում, 2-3 օրից կրճատվել է մինչև 2-3 ժամ։ Այս մասին Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ 2023 թվականին այս ընթացակարգով սպասարկվել է 8955 բեռնատար։ 2022 թվականին այս ցուցանիշը կազմել է 2284 բեռնատար։
ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ արդիականացվել են սահմանին տեղակայված մաքսակետերը։ Նոր անցակետ է կառուցվել նաև Մարագայում։
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում վերակառուցվում և արդիականացվում է Մեղրիի սահմանային անցակետը։ Գոգավանի անցակետում ընթացիկ վերանորոգումներ են իրականացվել։ Բագրատաշենի անցակետի ընդլայնումն ու արդիականացումը շարունակվում են»,- ասաց Բադասյանը։
Նախնական մաքսային հայտարարագիրը նվազեցրել է մաքսազերծման ժամկետը 2-3 օրից մինչև 2-3 ժամ. ՊԵԿ

Հասանելի է
русский



























