Լոռու եւ Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածների համար դրամահավաքի կարիք չկա։ Այս մասին այսօր` հունիսի 2-ին, ասուլիսի ժամանակ ասել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:

«ՀՀ կառավարությունը մեզ հատկացրել է բավարար միջոցներ, որ խնդիրները կարողանանք լուծել: Կառավարությունն ի զորու է լուծել բնակչության մոտ ծագող բոլոր խնդիրները, օպերատիվ շտաբի տրամադրության տակ բնակչության համար բավարար սնունդ, հագուստ և տնտեսական ապրանքներ կան, որպեսզի մեև ազգաբնակչության խնդիրները լուծենք եւ իրենց կարիքները ապահովենք»-, հավելել է նա:

Մարզպետը նշել է, որ մեծ մասամբ տուժած տների բնակիչները դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց մբնակարաններ. «Բոլորդ հասկանում եք, որ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց տներն ու բակերը մաքրվում են տիղմից ու ավազից, ժամանակ է պետք, որպեսզի պատերն ու կահույքը չորանան, որ այն բնակելի լինի»: