Մոնթե Մելքոնյան փողոցում գտնվող «Վերածնունդ» թաղամասի 7-րդ մասնաշենքի ավարտական ակտի հետ կապված եւ շինարարության ավարտման հետ կապված ունենք համաձայնություն կառուցապատողի հետ. որոշակի հատվածներ պետք է ապամոնտաժվեն, որոնք չեն համապատասխանում նախագծին եւ դիմում ներկայացվի ավարտական ակտի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 27-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշվել էր, որ «Վերածնունդ» երիտասարդական թաղամասի կառուցապատող ընկերությունը խախտել է քաղաքապետարանի տված շինթույլտվության կետերը` կատարելով նախագծում բացակայող կոնստրուկցիաների շինարարություն։
«Կա շեղում քաղաքապետարանի թույլտվության և շինարարությունից հետո կադաստրում գրանցված տարածքի միջև, այսինքն կարողացել են անջրանցիկ մակերևույթը գրանցել որպես տերասաներ, իսկ ըստ համաձայնեցման` նշել են հասարակական նշանակության տարածքներ»,– զեկուցել էին քաղաքապետին:
Տիգրան Ավինյանն էլ նկատել էր, որ սա պոտենցիալ հանցագործության տարրեր պարունակող հարց է։ Նա առաջարկել էր հարցը լուծելու համար «Վերածնունդ» թաղամասում կառուցապատող ընկերությանն ու բնակիչներին կանչել քաղաքապետարան` քննարկման։
«Պետք է հասկանանք այս հետաքրքիր շանտաժի մեթոդը, որ մեր դեմ կիրառվում է, որովհետև, օրինակ, Երևանում շատ շենքեր կան, որ ավարտական ակտ չունեն, մարդիկ ապրում են այնտեղ տարիներով։ Բազմաթիվ խնդիրներով շենքեր կան։ Եվ ես ոնց հասկանում եմ՝ բնակիչներին չեն թողնում ապրել այնտեղ, իսկ մեզ ենթարկում են շանտաժի, թե տվեք կադաստրի ակտը, թե չէ չենք թողնելու»,- ասել էր քաղաքապետը։
Նա հիշեցրեց, որ էլի դեպքեր են եղել, երբ այս մեթոդով տարբեր թաղամասերում մանկապարտեզի և դպրոցի փոխարեն շենք է կառուցվել։ Նա վստահեցրեց, որ այլևս նման բաներ թույլ չեն տալու։
Ավելի ուշ տեղի էր ունեցել եռակողմ հանդիպում քաղաքապետի, կառուցապատողի եւ շահառուների միջեւ:
«Վերածնունդ» թաղամասի կառուցապատմամբ զբաղվում է ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ն։
Նշենք, որ խոսքը «Վերածնունդ» թաղամասի 7-րդ մասնաշենքի մասին է: Մնացած 6 մասնաշենքերի ավարտական ակտերը տրված են: Այս պահին բնակիչները մնացել են երկու քարի արանքում, քանի որ կառուցապատողի եւ քաղաքապետարանի միջեւ անհամաձայնությունների պատճառով չեն կարողանում ստանալ ավարտական ակտ եւ բնակվել շենքում, որի կառուցապատումն սկսվել է դեռեւս 2019 թվականից:





























