Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի նույն օրը` մի քանի ժամ առաջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
Հարցին՝ այսինքն՝ ռուս սահմանապահները 2022 թվականին իրենց վստահված տարածքների՞ց են գնացել, մարզպետը պատասխանեց․ «Իմ պատկերացմամբ՝ այդտեղ տարածքները վստահված են եղել մեր պաշտպանության նախարարությանը։ Չեմ կարող մեկնաբանել, թե ռուսներն ինչ էին անում այնտեղ»։
Նա նշեց, որ 2022 թվականի հարձակումից առաջ ռուս սահմանապահները Սոթքի հատվածում են եղել։ «Մարզային իշխանությունների կողմից որեւէ հորդոր չի եղել, որ նրանք հեռանան։ Դրանից հետո իրենք եղել են Վերին Շորժայի հատվածում, փորձել են որևէ գործողություն կազմակերպել, նկատի ունեմ՝ հանդիպում ադրբեջանական զինված ուժերի հետ և ռմբակոծության տակ են ընկել։ Մամուլում այդ լուրը շրջանառվել է, որ ռուսական մեքենաները ևս գնդակոծվել են»,- ասաց Սարգսյանը։





























