Նախնական տվյալներով Հայաստան ժամանած Իրանի քաղաքացի կնոջ մոտ «խոզի գրիպ»-ի կասկածները հաստատվել են: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են առողջապահության նախարարության աղբյուրները: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը հայտնել էր, թե իրանցին արդեն բուժվել եւ դուրս էր գրվել:
Մյուս երկուսի, որոնք Վաղարշապատից են, եւ նոր են ժամանել Հայաստան, անալիզներն ուղարկվել են Լոնդոն՝ փորձաքննության ենթարկելու համար: Հիվանդները գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ի դեպ, Առողջապահության նախարարության մեր աղբյուրները նշեցին, թե Հայաստանում նաեւ 4-րդ կասկածելի դեպքն է գրանցվել, այն էլ Գերմանիայի մի քաղաքացու մոտ, որն ինքն է ներկայացել բժիշկներին եւ խնդրել, որ իր անալիզներն ուղարկեն փորձաքննության: Ավելի ուշ նա լքել է Հայաստանի տարածքը:
Զարմանալին, սակայն, այն է, որ Հայաստանի պատկան մարմինները համառորեն երկար ժամանակ բնակչությունից գաղտնի էին պահում Հայաստանում «խոզի գրիպ»-ի վարակման հաստատված կամ կասկածելի դեպքերը, եւ միայն նոյեմբերի 9-ին ստիպված էին հաստատել շրջանառվող լուրերը, այն էլ, երբ իրավիճակն իսկապես խուճապային դարձավ: Անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու, Հայաստան «խոզի գրիպ»-ի դեմ դեղամիջոցներ ներկրելու փոխարեն` իրականությունը թաքցնելը անլուրջ գործ է. Հայաստանը փորք երկիր է, եւ վաղ թե ուշ ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս:
NEWS.am-ի թղթակիցներն այսօր ողջ օրվա ընթացքում փորձում էին երեւանյան դեղատներից պարզել, թե որքանով են դրանք պատրաստ գրիպի համաճարակի բռնկմանը: Արդյունքները, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չեն: Նախ, պարզվեց, որ A/H1 N1 կամ «խոզի գրիպ»-ի դեմ պայքարելու արդյունավետ դեղամիջոցներից միայն մեկն է գրանցված Հայաստանում, եւ դրա մեկ տուփն արժե 40 դոլար (մոտ 15,000 դրամ)։ Միջազգային շուկայում A/H1 N1 գրիպի դեմ արդյունավետ դեղամիջոցներ են շվեյցարական «Տամիֆլուն», ռուսական «Արբիդոլը», եւ հունգարական արտադրության «Ինգավիրինը», սակայն Հայաստանում գրանցված է միայն շվեյցարական արտադրության «Տամիֆլուն», որի 10 հաբանոց մեկ տուփը հայաստանյան դեղատներում վաճառվում է 40 դոլարի (մոտ 15,000 դրամի) սահմաններում, եթե, իհարկե, շարքային գնորդին հաջողվի գտնել այդ դեղամիջոցը, ինչը, պարզվեց, որ դժվարին, եթե ոչ անհնար գործ է: Դեղատներում նաեւ բժշկական դիմակների սուր պակաս է զգացվում: Բնական է, որ հայաստանցիները դեռ չեն գրոհում դեղատները՝ դիմակ կամ «Տամիֆլյու» գնելու համար, սակայն, որպեսզի անտեղի խուճապ չառաջանա, Առողջապահության նախարարություն պարտավոր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, դեղատներին ապահովել անհրաժեշտ միջոցներով։



























