Քննչական կոմիտեն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը նրա համերգային տնօրենի հանդեպ. տեղեկացրելէ ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը։

«Ռուսաստանի Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգ քաղաքի գլխավոր քննչական վարչությունն ավարտել է Իգոր Տալկովի համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանի հանդեպ քրեական գործի հետաքննությունը։ Նա մեղադրվում էր սպանության եւ սպանության փորձի մեջ, որը կատարվել էր ընդհանուր վտանգավոր միջոցով (ՌԽՖՍՀ ՔՕ 102 հոդված, մաս 2»,- նշված է հաղորդագրությունում)։

Քննությունը պարզել է, որ 1991թ. հոկտեմբերին «Հոբելյանական» մարզապալատի կուլիսներում ծագած վեճի ընթացքում մեղադրյալի եւ արտիստներից մեկի՝ Իգոր Մալախովի ներկայացուցչի միջեւ, Շլյաֆմանը, փորձելով կրակել, Մալախովի ատրճանակով մահացու վիրավորել է Տալկովին։ 1992թ. Վալերի Շլյաֆմանը, որը թաքնվում էր Իսրայելում, հեռակա կարգով քննչական մարմինների կողմից ճանաչվել է մեղադրյալ անզգուշությամբ սպանություն կատարելու համար։ 2021թ. քրեական գործի վերսկսումից հետո ՌԴ ՔԿ քննիչները հավաքված ապացույցների հիման վրա եկել են այն եզրակացության, որ Շլյաֆմանը հանցակից է միտումնավոր հանցագործության կատարմանը։

«Իրականացվել են զգալի ծավալով քննչական գործողություններ. ամբողջ Ռուսաստանում հարցաքննվել են ավելի քան 150 վկաներ, որոնց մեջ են էստրադայի արտիստներ, մարզադահլիճի աշխատակիցներ եւ ոստիկանության աշխատակիցներ, որոնք ներկա են եղել պատահարի վայրում։ Իրականացվել են մի շարք գենետիկ հետազոտություններ, հարցաքննվել են փորձագետները, որոնք կատարել են փորձաքննություններ 1991-1992թթ.։ Նրանցից մեկից առգրավվել են Շլյաֆմանի վերնաշապիկի կտորներ՝ արյան հետքերով, որոնք էական նշանակություն են ունեցել նրան սպանության հանցակից համարելու գործում»,- պատմել են ՌԴ ՔԿ-ում։