Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է ԼԳԲՏ եւ սեռափոխության քարոզչության արգելքի մասին օրինագծերի փաթեթը։ Բյուրոյի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքի ուղիղ եթերում։

Փաթեթի (բաղկացած մեկ հիմնական օրինագծից եւ դրանից բխող տարբեր օրենքների 18 լրացումներից) քննարկման առաջատար կոմիտե սահմանվել է իրավաբանական կոմիտեն։ Կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախաձեռնությունը պարտադիր կարգով դիտարկելու են նաեւ մարդու իրավունքների, կրթության, էկոնոմիկայի ճյուղային եւ առողջապահության կոմիտեները։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հունիսի 4-ին հայտնել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը կնախաձեռնի օրինագծերի փաթեթ ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին, որը նախատեսվում է ընդունել հունիսին առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ՝ աշնանային նստաշրջանի ժամանակ։ Լրացումները նախատեսում են այդ թվում նաեւ տղամարդու եւ կնոջ ամուսնությունից բացի որեւէ այլ ամուսնության գրանցման, նույնասեռական զույգերի կամ միության մեջ չգտնվող ոչ հետերոսեքսուալ անձանց կողմից անչափահասների որդեգրման արգելք։ Կարգելվեն նաեւ սեռափոխման վիրահատությունը, պաշտոնական փաստաթղթերում ծնվելու պահին առկա սեռից տարբեր սեռի նշումը։ Կրթական հաստատություններում կարգելվի ԼԳԲՏ եւ  ինցեստի քարոզչությունը։

Լրացումներն օրենսդրությունում արգելում են հրապարակային հավաքները կամ ցույցերը՝ ուղղված  ԼԳԲՏ թեմայի հանրայնացմանը։ Հեռարձակողներին կարգելվի նաեւ եթերում ցուցադրել ինտիմ նույնասեռական տեսարաններ, կամ նման բովանդակության գովազդ։ Վրաստանի կինոթատրոններում կմտցվի տարիքային ցենզ այն ֆիլմերի համար, որոնք կպարունակեն նույնասեռական տեսարաններ։