15 րոպե, 1 ժամ, 96 ժամ… Սին հույսերի ու ցինիզմի նշաններ ցույց տվող այս ժամանակացույցը բերելու է նոր հիասթափություն: Անդրադառնալով Վազգեն Գալստանյանի շարժմանն ու հայտարարություններին՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:
«Իհարկե, կարելի է քեզ հավատացող և վստահող մարդկանց խոստանալ «Կիրանցով Արցախ», կարելի է խոստանալ 4 օրում իշխանափոխություն: Կարելի է խոստանալ, որովհետև լեզուն ոսկոր չունի, բայց կարող է ոսկոր կոտրել, հույսեր կոտրել, սպասելիքներ ու սթափություն կոտրել...կոտրել ու կոտրել:
Ընդդիմությունը շատ կարևոր նշանակություն ունի ցանկացած քաղաքական համակարգի արդյունավետության համատեքստում, այն հավասարակշռում և զսպում է իշխանությանը, նպաստում որոշումների կայացման որակի բարձրացմանը: Սակայն այս խնդիրը լուծել չեն կարող այն գործիչները, ովքեր միջկուսակցական դաժան ու պարտադրված պայքարում մարդկային որակների այնպիսի կորուստներ են ունեցել, որ դժվարություններից կծկված երկրում զբաղվում են երազանքների վաճառքով: Նման խեղվածքով նոր խնդիրների լուծման գնալը կորստաբեր կլինի բոլորիս համար:
Եթե այս շարժումը չի կարողանում հասնել «ընդդիմափոխության», ինչպե՞ս է ուզում հասնել իշխանափոխության:
Եկել է լրջանալու պահը»,- գրել է նա:





























