ԱԺ խորհրդի նիստում ես ասացի, որ ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ այսօր քաղաքական մեծամասնությունը ճիշտ չի կարողացել եւ կարողանում գնահատել իրավիճակը: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Արտահերթ նիստը անհրաժեշտությունը հենց անվտանգային խնդիրներով է պայմանավորված: Բագրատ Գալստանյանի շարժումը հենց դրան է վերաբերում, որ ինքը կարողանա ազդել իրավիճակի վրա, կարողանա կանգնեցնել այն գահավիժումը, որ կա Հայաստանում, նաեւ երկխոսության, հանդուրժողականության, քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում նոր մարդիկ գան իշխանության, որոնք կարող են երկիրը այս իրավիճակից հանել: Ստեղծել դիմադրողականություն, պրոֆեսիոնալ մարդիկ լինեն տարբեր գերատեսչությունների ղեկին:
Ես գտնում եմ, որ Բագրատ Սրբազանի խոսքը մեր ժողովրդի զգալի մասին հասու է եւ պետք է ամեն ինչ անել, որ այսօրվա նախաձեռնության հիմնական նպատակը իրականանա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն են ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ ՔՊ-ն դեմ է քվեարկել այդ նախաձեռնությանը եւ հայտարարել, որ ամսի 17-ին եւս իրենք չեն մասնակցի իրավունքի ուժով կայանալիք նիստին:
Դիտարկմանը, որ ՔՊ-ից ասել են, որ հունիսի 17-ին եւս իրենք այդ օրակարգին չեն միանալու, Սեյրան Օհանյանն ասաց. «Իրավունքի ուժով այդ նիստը տեղի է ունենալու ամսի 17-ին, ժամը 18.30-ին: Եթե չեն գա, դրանով հերթական անգամ կապացուցեն, որ անվտանգության հետ կապված խնդիրներն իրենց չեն հուզում»:





























