Լիբանանում նոր կառավարություն է ձեւավորվել: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Բեյրութից, երկրում խորհրդարանական ընտրություններն անց են կացվել 2009թ, հունիսին, սակայն քաղաքական ուժերին առա այսօր չէր հաջողվում մոտեցնել դիրքորոշումները նախարարների հարցով:

Լիբանանի վարչապետ է դարձել Սաադ Հարիրին՝ 2005թ. սպանված նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին: Կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկված 30 նախարարներից կեսը խորհրդարանական մեծամասնությանը պատկանող խմբակցությունների ներկայացուցիչներ են։ Տասը տեղ հատկացված է ընդդիմադիր դաշինքին (նախարարական պորտֆելներից երկուսը բաժին են հասել «Հզբոլլահ»-ին) ու եւս 5 պորտֆել՝ Նախագահ Միշել Սուլեյմանի առաջադրած թեկնածուներին։

Հունիսի 7-ին կայացած ընտրություններում Սաադ Հարիրիի «14 մարտի» շարժումը հաղթանակ էր տարել: Հարիրիի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «8 մարտի» դաշինքն էր, որում ընդգրկված են Քրիստոնեական «Բարեփոխում եւ կարգուկանոն» կուսակցությունը՝ գեներալ Միշել Աունի գլխավորությամբ, Մահմեդական կուսակցությունը՝ բաղկացած հիմնականում շիաներից, «Հըզբոլլահն» ու ՀՅ Դաշնակցությունը:

Առայժմ պարզ չէ՝ հաղթահարվա՞ծ են արդյոք բոլոր տարաձայնությունները՝ վարչապետի եւ նախարարների ընտրության վերաբերյալ: Վերլուծաբանների կարծիքով, Լիբանանի նոր կառավարությունը արմատապես տարբերվում է իր նախորդից՝ կազմով եւ աշխատանքի բնույթով: Շատ լիբանանցիների համար Սիրիայի ազդեցության ամբողջական վերացումը երկրի քաղաքական կյանքի նկատմամբ՝ բոլորովին նոր իրավիճակ է ազդարարում: