Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը 24 ամսվա ընթացքում հանգեցրել է մոտ 175 միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետման, ըստ առ այսօր կատարված առավել լիարժեք ուսումնասիրության տվյալների՝ հայտնել է Euronews-ը։

Սա համարժեք է մեկ տարվա ընթացքում 90 միլիոն ավտոմեքենաների արտանետվածքին և Ռուսաստանից հավանաբար գրեթե 30 միլիարդ եվրոյի կլիմայական վնասի փոխհատուցում կպահանջվի:

Զեկույցը պատրաստել է Պատերազմի ժամանակ ջերմոցային գազերի հաշվառման նախաձեռնությունը (IGGAW), որը «հակամարտության ածխածնի» չափման նոր եղանակներ է մշակում։ Փաստաթուղթն առաջինն է, որը նման լայնածավալ մասշտաբով արտացոլում է պատերազմի արդյունքում ի հայտ եկած արտանետումները։

Արտանետումների մեկ երրորդը բաժին է ընկնում ռազմական գործողություններին, մասնավորապես ռուսական ռազմական մեքենաների օգտագործած միլիարդավոր լիտր վառելիքից: Դա արտանետումների ամենախոշոր աղբյուրն է, որը համարժեք է մոտ 35 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդի:

Եվս մեկ երրորդը բաժին է ընկնում պողպատի և երկաթբետոնի հսկայական ծավալներին, որոնք անհրաժեշտ են եղել և կլինեն վերակառուցման համար:

Վերջին երրորդը բաժին է ընկնում տարբեր աղբյուրներին: Ռուսական ներխուժումից հետո առաջնագծի երկու կողմերում պարբերաբար բարձր ինտենսիվության հրդեհներ են բռնկվում։ Արբանյակային պատկերները ցույց են տվել, որ մոտ 27 հազար հրդեհները մոտ մեկ միլիոն հեկտար հողատարածք են հրկիզել:

Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքում սահմանափակումների և անվտանգության նկատառումներով առևտրային ինքնաթիռները փոխել են ուղերթը՝ մաքրելով 18 միլիոն քառակուսի կիլոմետր օդային տարածք: Սակայն Եվրոպայի և Ասիայի միջև թռիչքները հանգեցրել են վառելիքի հավելյալ սպառմանը, ինչի արդյունքում զուտ արտանետումները կազմել են ավելի քան 24 միլիոն տոննա:

Մթնոլորտ արտանետումների մյուս աղբյուրը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումներն են։ Պատերազմի առաջին շաբաթներին Ռուսաստանը ուկրաինական հանածո վառելիքի պահեստավորման օբյեկտների վրա խոշոր հարձակումներ է ձեռնարկել։

Սակայն արտանետումները ավելի քիչ էին, քան «Հյուսիսային հոսքի» խողովակաշարերի ոչնչացումը, որը հանգեցրել է մեթանի մեկշաբաթյա ստորջրյա ժայթքման, կլիմայի վրա դրա ազդեցությունը համարժեք է 14 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդի:

Արտանետումների ամենաանսովոր աղբյուրներից մեկը էլեկտրական անջատիչների մեկուսացման համար օգտագործվող ծծմբի հեքսաֆտորիդն է կամ SF6-ը:

Դա ամենահզոր ջերմոցային գազն է, որն ջերմարար ունակությամբ 23 հազար  անգամ գերազանցում է ածխաթթու գազին։ Ռուսական հարվածների պատճառով SF6-ը գոլորշիացել է առանձնապես մեծ քանակությամբ՝ մոտ 40 տոննա, որը համարժեք է մոտ մեկ միլիոն տոննա ածխաթթվական գազին՝ CO2-ին։

Դրան ամենաքիչը նպաստել է մոտ 7 միլիոն ռուսաստանցի՝ համոզմունքների համար զինծառայությունից հրաժարվողների և ուկրաինացի փախստականների տեղահանումը:

IGGAW-ի գնահատականներով՝ պատերազմի առաջին 24 ամիսներին կլիմայական վնասների համար Ռուսաստանը պետք է 32 միլիարդ դոլար (29,5 միլիարդ եվրո) վճարի։

Ուկրաինայի կառավարությունը ողջունել է զեկույցը՝ նշելով, որ այն կնպաստի Ռուսաստանի դեմ Կիևի հարուցած փոխհատուցման գործին: