Տարոն Մարգարյանի` Երեւանի քաղաքապետ ընտրվելուց հետո, քաղաքապետարանի վարչությունների պետերն իրենց մոտ են կանչել ենթակայությամբ գործող կառույցների ղեկավարներին եւ հետաքրքրվել նրանց կուսակցական պատկանելիությամբ` արդյոք նրանք ՀՀԿ-ակա՞ն են:

NEWS.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ  դրանից բացի, այդ կառույցների ղեկավարներին հանձնարարել են իրենց միջոցներով մեծ եղեւնիներ գնել եւ տեղադրել տվյալ հիմնարկների բակերում, նաեւ որեւէ նոր աշխատակցի չընդունել առանց իրենց իմացության:

Մեզ հասած տեղեկությունները փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից, ով նշեց, որ դրանք ապատեղեկատվություն են: Նա նշեց, որ նման հանդիպումներ պարբերաբար լինում են, կառույցների ղեկավարները ներկայացնում են իրենց աշխատանքը, անելիքները, «դրանք քաղաքապետի աշխատանքի մի մասն են կազմում եւ որեւէ արտառոց բան այդտեղ չկա»:

Ինչ վերաբերում է կուսակցական պատկանելիությանը, ապա Արթուր Գեւորգյանի խոսքով, իրենց համար առաջնային է աշխատակիցների պրոֆեսիոնալ կարողությունները: Անդրադառնալով աշխատակիցների միջոցներով եղեւնիներ գնելուն`  նա նշեց, որ համայնքային բյուջեն բավարար է, որպեսզի քաղաքը տոնական տեսքի բերեն: