NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` Լուսակերտի զորամասի մոտ  նոյեմբերի 20-ին ժամը 19:00-ի սահմաններում տեղի ունեցած բազմամարդ ծեծկռտուքին մասնակցել է «Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանի որդին եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ազգականը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` «Մարիաննա ՍՊԸ»-ի տնօրենի որդին եղել է սպիտակ գույնի 07 ՕՏ 999 համարանիշով «Պորշ Կայենի» ղեկին: «Մարիաննա ՍՊԸ»-ից NEWS.am-ին հայտնեցին, որ Տիգրան Վարդանյանն այժմ գտնվում է արտերկրում: Մենք փորձեցինք զրուցել ընտանիքի անդամների հետ, սակայն, նրանք այդ պահին տանը չէին: Հաջողվեց պարզել, որ Տիգրան Վարդանյանը չափահաս որդի ունի, ով ուսանող է:

Իսկ ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանի մասին, ով ըստ որոշ տեղեկությունների, Սմբատ Այվազյանի հեռավոր ազգականն է, տեղեկություններ չհաջողվեց ճշտել, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի էր: Հարություն Թորոսյանը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետեւ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նշենք, որ նոյեմբերի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում Հայկ Հարությունյանը ընկերների հետ միասին վերը նշված «Պորշ Կայեն» եւ BMW ավտոմեքենաներով, շուրջ 15 հոգով ուղեւորվել են դեպի Լուսակերտի զորամաս: Հասնելով զորամաս` Հայկ Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին: Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաեւ զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց եւ վերակարգում ընդգրկված անձնակազմի միջեւ, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին են մոտեցել ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ: Ծեծկռտուքը տեւել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, եւ այդ ընթացքում BMW մեքենայով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա.Սանթոյանին եւ Գ.Վաղարշակյանին: