Բլոգերներն ահազանգում են, որ Վայոց Ձորի մարզի Սպիտակավոր վանական համալիրի եկեղեցու շրջակայքը, որտեղ ի դեպ, թաղված են նաեւ Գարեգին Նժդեհի մասունքները, լցված է աղբով: Այս մասին նշում են «Խոսքի իրավունք» միավորման անդամները, ովքեր բազմիցս մասնակցել են տարբեր էքսկուրսիաների ու արշավների: Նրանք հաստատում եւ կիսում են այս մտահոգությունը:

Միավորման հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«14-րդ դարի այս վանական համալիրը կարեւոր եւ առանձնահատուկ է նաեւ այն փաստով, որ վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը:

Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից եւ համալիրը շրջանցող ամրոցապատերից: Ըստ պատերին եղած արձանագրությունների` համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), եւ շինարարությունը 1321թ.-ին ավարտել է նրա որդին։ Եկեղեցուն արեւմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.-ին։ Գավթի արեւմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ.-ին կառուցել են Հովհաննես եւ Թաձնա ամուսինները)։ Սպիտակավոր վանքի մոտակայքում են նկարահանվել «Մենավոր ընկուզենի» ֆիլմի որոշ դրվագները: Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, եւ նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաեւ Ծաղիկի վանք:

Ցանկություն կա, որ այդ շրջակայքը լինի մաքուր եւ հարուստ ծաղիկներով:

Նժդեհը համարվում է իշխող կուսակցության «գաղափարական հայր» եւ ըստ բլոգերների`  պետք է հետամուտ լինեն այս հարցի լուծմանը:

«Խոսքի իրավունք» միավորումը խնդրում է այցելուներին հաղորդել մեզ այս տարածքում փոփոխությունների մասին: Մենք նույնպես կայցելենք այստեղ: Հույս ունենք, որ երկրորդ անգամ հայտարարություն չենք տարածի եւ լուսանկարներ չենք հրապարակի այս թեմայով»: