Ուկրաինայի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ռուսաստանցի միլիարդատեր, Վլադիմիր Պուտինի մտերիմ Արկադի Ռոտենբերգի, ինչպես նաեւ նրա որդու՝ ձեռներեց Իգոր Ռոտենբերգի նկատմամբ, վկայում են իրավապահ գերատեսչության հրապարակած փաստաթղթերը։ Նրանց հետախուզում են «պետական իշխանության զավթմանն ուղղված գործողությունների ֆինանսավորման, տարածքի սահմանների կամ պետական սահմանի փոփոխության մասին», «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման,» ինչպես նաեւ «հարկերի վճարումից խուսափելու» քրեական գործերով։ Ռոտենբերգների պրոցեսուալ կարգավիճակը այս գործերով նշված չէ, տեղեկացրել է The Moscow Times-ը։
Արկադի Ռոտենբերգը համարվում է Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը։ Youtube-ում Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի՝ Ռուսաստանի նախագահի Գելենջիկի պալատի մասին ֆիլմ-հետաքննության թողարկումից հետո Արկադի Ռոտենբերգն իրեն անվանել է շքեղ կառույցի սեփականատերը։ «Պրոեկտի» տվյալներով՝ Արկադի Ռոտենբերգի հետ կապված ընկերությունները եւ հիմնադրամները Ղրիմի օկուպացիայի միայն առաջին հինգ տարում թերակղզում պետական կապալով յուրացրել են մոտ 300 մլրդ ռուբլի, ինչը կազմում է բոլոր փողերի մոտ քառորդ մասը, որոնք Մոսկվան հատկացրել է Ղրիմին մինչեւ 2025թ.։ Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան եւ մի շարք այլ երկրներ Արկադի Ռոտենբերգի դեմ մտցրել են պատժամիջոցներ։ 2023թ. մարտին Ուկրաինայի իշխանությունները ազգայնացրել են նրա ակտիվները, այդ թվում Կիեւի Ocean Plaza առեւտրի կենտրոնը։
Արեւմուտքի սահմանափակիչ միջոցները առնչվել են նաեւ Արկադի Ռոտենբերգի եղբորը՝ Բորիսին, ինչպես նաեւ նրանց երեխաներին՝ Ռոմանին եւ Իգորին։
Հունիսի 19-ին Եվրամիության դատարանը մերժել է Իգոր Ռոտենբերգի հայցը, որում նա վիճարկում էր իր դեմ ռուսական ներխուժման պատճառով մտցված պատժամիջոցները։ Իր բողոքում Ռոտենբերգը նշել էր, որ այլլեւս չի տնօրինում «Գազպրոմ հորատում» ընկերության բաժնեթղթերի փաթեթը եւ «Պլատոն» վճարային համակարգը, իսկ պետական պայմանագրերի կնքումը չի վկայում այն մասին, որ նա աջակցում է Ռուսաստանի գործողություններին։ Դատարանը, սակայն, իրավաչափ է համարել պատժամիջոցները ձեռնարկատիրոջ նկատմամբ։




























