Վերջին շրջանում մեր հանրապետությունում մեծ թիվ են կազմում աղմկահարույց սպանությունները, որոնք շահարկումների ու քննարկումների առարկա են դառնում նաեւ հանրապետությունից դուրս: Որքանո՞վ են դրանք առնչվում հոգեկան շեղում ունեցող անձանց հետ, եւ ի՞նչ է պետք անել  նման դեպքերը կանխարգելելու համար: Այս թեմայի շրջանակներում է մեր զրույցը հոգեբույժ-հոգեթերապեւտ Հարություն Մինասյանի հետ:

Պարոն Մինասյան, ընդհանրապես ի՞նչ վիճակագրություն կա այն  հոգեկան հիվանդների վերաբերյալ, որոնք պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում հասարակության, իրենց հարազատների եւ սեփական անձի համար: Ի վերջո, ո՞վ է իրավասու զբաղվելու այդ մարդկանց խնամատարությամբ: 

Սպանությունները կարելի է դասել տարբեր խմբերի, քանի որ շարժառիթներն են տարբեր: Մի դեպքում սպանությունը ունի կլանների միջեւ պայքարի բնույթ, այլ դեպքերում` ներընտանեկան կամ միջանձնային խնդիրների: Առանձին խումբ են կազմում նաեւ ինքնասպանությունները: Այնպես որ, դրանք բոլորը չեն, որ տեղավորվում են հոգեբուժական խնդիրների մեջ: Բայց կարծում եմ, որ մի հասարակարգից մյուսին կտրուկ անցումը, աղետալի երկրաշարժը, Արցախյան պատերազմը, շրջափակումը, գործազրկությունը, վերջին քսան տարիներին հասարակության մեջ տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, հոգեբանական վայրիվերումները,  իրենց վնասակար  ազդեցությունը ունեցան հասարակության հոգեբանական կերտվածքի վրա: 

Կարող եմ օրինակ բերել այն փաստը, որ վերջերս հոր եւ տղայի միջեւ կենցաղային վեճը վերածվել էր սպանության: Սա եւս գալիս է թույլ նյարդերից: Բավական է մարդու ինքնազսպման կամ ինքնավերահսկողության ունակությունը թուլանա եւ նման վերջաբանը անխուսափելի է: Նորմալ մարդիկ էլ լինում են ուժեղ եւ թույլ նյարդային համակարգով: Ես սրտի ցավով եմ տեղեկանում, երբ հատկապես երիտասարդների շրջանում, սովորական փողոցային վեճի ժամանակ մեկը մյուսին դանակահարում է: Դրա պատճառը երբեմն լինում է սխալ ժեստը, ոչ տեղին ասված խոսքը, հայհոյանքը, խանդը կամ սիրային եռանկյունին:

Սովորաբար ծանր եւ դաժան հանցագործությունները դիտվում են որպես հոգեբուժական դեպքեր եւ այդպիսի հանցագործները ենթարկվում են դատահոգեբուժական փորձաքննության, որպեսզի պարզվի նրա առողջ կամ հիվանդ, մեղսունակ կամ անմեղսունակ լինելու խնդիրը:

Ինձ, որպես հոգեբույժի ավելի շատ  հետաքրքրում են այն սպանությունները, որոնք հոգեբուժական իմաստով հետազոտելի են: Արդյունքում նրանց մեջ ես անպայման հայտնաբերում եմ հոգեբուժական տարր: Ուշի-ուշով հետեւելով մամուլին, երբ հանդիպում եմ նմանատիպ լուրերի, հենց առաջին իսկ պահից փորձում եմ հասկանալ, թե որ հանցագործությունը ինչ հոգեբուժական խնդրի հետեւանքով է տեղի  ունեցել: Հիմնականում իմ եզրակացություններում չեմ սխալվում: Ի դեպ, հոգեպես առողջ մարդն էլ կարող է ինչ-ինչ ծանր սթրեսային պայմաններից ընկնել հոգեկան սուր եւ կարճատեւ խանգարման հոգեվիճակի մեջ եւ այդ վիճակից դուրս գալուց հետո անգամ զղջալ սպանության կամ ինքնասպանության փորձ կատարելու համար:

Բազմաթիվ են դեպքերը, երբ հոգեկան հիվանդն է հանցագործություն կատարում: Օրինակ, Սեւանի դեպքի մասին կարդալով, հենց առաջին իսկ պահից հասկացա, որ գործ ունենք ծանր հոգեկան հիվանդություն ունեցող մարդու հետ, որը ծնողներին սպանելուց հետո, հարեւանին ասել էր` «Ես մեր տանը երկու սատանա եմ սպանել»: Ավելի ուշ այդ տղան կալանավայրում ինքնասպանության փորձ էր կատարել: Ցավն այն է, որ ծնողները, իմանալով որդու հոգեկան հիվանդ լինելու մասին, չէին հետեւել նրան, հոգեբուժարանում չէին պառկեցրել, դեղորայքային բուժում չէին տվել եւ այդ բոլորը կուտակվելով, ծնողների իսկ անտարբերության պատճառով կոտրվել է  իրենց իսկ գլխին: 

Մյուս ծանրագույն հանցագործության դեպքը այն էր, երբ Արարատ քաղաքի բնակչուհի Ռոզա Ալոյանը կախել էր իր երկու մանկահասակ երեխաներին: Կարդալով լուրը, նույն պահին կռահեցի նրա հիվանդությունը: Հետագայում հաստատվեց, որ նա տառապում է շիզոֆրենիա հիվանդության հենքի վրա առաջացած Մեդեայի սինդրոմով: Հունական դիցաբանության մեջ նշվում է, որ Մեդեան իրենից հեռացած եւ ուրիշ կնոջ մոտ գնացած ամուսնուց վրեժ է լուծում իր երկու երեխաներին սպանելով: Եվ պատահական չէ, որ երեխաներին  Ռոզան սպանել էր սկեսրայրի  ծննդյան օրը: Նա այդ կերպ, փաստորեն,  դաժան «նվեր» էր մատուցել նախկին ամուսնուն: Հետո տեղեկացա, որ ամուսինը պատրաստվում է դատի տալ այն դատավորին, որին ժամանակին դիմել էր ամուսնալուծվելու նպատակով: Չեմ կարծում, որ այդտեղ դատավորի մեղքի բաժինն ավելի շատ է քան ամուսնունը, որը ժամանակին չէր դիմել հոգեբույժներին, չէր զբաղվել կնոջը հոսպիտալացնելու խնդրով: Հատկապես, որ նկատելի է եղել կնոջ տարօրինակ վարքը: Նա սկսել էր անճաշակ հագնվել, արտառոց գլխարկներ կրել, տգեղ դիմահարդարում կատարել, հարեւաններին չբարեւել: Ամուսինը, հարեւանները, պոլիկլինիկայի բժիշկները հասկացել էին, որ կնոջ մոտ սկսվել է հոգեկան հիվանդություն: Բժիշկներն այս դեպքում իրավասու չէին նրան բուժման ուղարկելու, հարեւաններն իրենց հոգսերն ունեին, իսկ ամուսինն էլ անտարբերության էր մատնել նրան: Արդյունքում երկու անմեղ աղավնիներ դարձան հոգեկան հիվանդ մոր զոհերը:

Հարկ է նշել, որ հոգեկան հիվանդների կողմից կատարված դեպքեր են գրանցվում  նաեւ բանակում: Դրանցից ուշադրության արժանի է ԱՄՆ-ից վտարված երիտասարդի դեպքը: Նրա պապը դիմել էր զինկոմիսարիատ, ներկայացրել փաստաթղթեր, որ թոռը Ամերիկայում բուժվել է հոգեբուժական հիվանդանոցում եւ ենթակա չէ զինծառայության: Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձրել այդ փաստին: Տղայի պապը բողոքում էր, որ իրենից կաշառք են պահանջել, ինչը ինքը չի կարողացել տալ: Արդյունքում թոռը մեկուկես տարի  ծառայելով բանակում, ինքնաձիգով սպանել էր ծառայակից 4 երիտասարդների, ապա կրակել իր վրա:

Ես հոռետես չեմ, սակայն պիտի ասեմ, որ այս հանցագործությունների  50 տոկոսի դեպքում գործ ունենք հոգեբուժական դեպքերի հետ: Ընդհանուր առմամբ, հոգեկան հիվանդների մի որոշ մասը պոտենցիալ հանցագործներ են, քանի որ մենք չենք կարող գուշակել, թե տվյալ հոգեկան հիվանդի գլխում ինչ մտքեր են պտտվում:

Հաճախակի են մահվան ելքով սպանություններ գրանցվում նաեւ  խրոնիկական ալկոհոլիկների կողմից: Նրանց մոտ ալկոհոլիզմի հողի վրա  բացի սպիտակ տենդից, կարող է զարգանալ ալկոհոլային խանդի զառանցանք: Նրանցից շատերը կարող են սպանել կնոջը, երեխային կամ   կարծեցյալ սիրեկանին: 

Եթե անդրադառնանք խորհրդային տարիներին, ապա այն ժամանակ ի՞նչ կարգավիճակ ունեին  հոգեբուժարանները, ինչ սկզբունքով էին գործում եւ եթե կարելի է նշեք, թե այսօրվա հոգեբուժակական հաստատությունների հետ համեմատած ի՞նչ փոփոխություններ է կրել համակարգը:

Միանշանակ բացասական: Նախկինում հոգեբուժական ծառայությունը գործում էր բավական խիստ կանոնակարգով: Խորհրդային տարիներին այդ կառույցում դրվածքն այլ էր: Եթե նախկինում զանգահարում էին շտապ օգնության ծառայություն եւ պահանջում  հոգեբուժական բրիգադ, ապա հարազատների հայտնած տեղեկությունների հիման վրա հոգեկան հիվանդին հոսպիտալացնում էին: Բայց այսօր ցավալիորեն փոխվել է այդ ծառայությունը: Եթե անգամ րոպեներ առաջ հիվանդը ցանկացել է կացնով սպանել իր հարազատներին, շտապօգնության ծառայությունը գալիս է եւ տեսնում է, որ հիվանդը հանգիստ նստած է բազմոցին, հարցնում է. “ Սիրելի հիվանդ, Դուք ցանկանու՞մ եք, որ ձեզ հոգեբուժական հիվանդանոց տեղափոխենք”: Հիվանդը պատասխանում  է.«Ոչ, ես հիվանդ չեմ», ու շտապօգնության բրիգադը հեռանում է, հիվանդատերերին բացատրելով, որ եթե հիվանդը չի ցանկանում հիվանդանոց տեղափոխվել, իրենք իրավասու չեն տանելու, «Երբ որ կսպանի, այն ժամանակ էլ կտանենք»:

Ես աշխատել եմ հոգեբուժական համակարգում 1977 թվականից, ու երբ մեզ պատմում էին, թե արտերկրում այսպիսին է դրվածքը, մենք ուղղակի զարմանում էինք: Հիմա, մենք ինտեգրվել ենք եվրոմիությանը եւ առաջնորդվում ենք եվրոպական չափանիշներով, իսկ դրանից տուժում է հասարակությունը: Ու ափսոսանքով պիտի փաստեմ, որ հոգեկան հիվանդի շահերը պաշտպանելու համար ոտնահարվում են առողջ մարդկանց շահերը, իսկ ավելի ճիշտ խաղաքարտի վրա է դրվում վերջիններիս կյանքը: Չկա հանցագործության կանխարգելման նախկին կարգը, իսկ հոգեկան հիվանդին հոսպիտիլազացնում են հանցագործություն կատարելուց հետո միայն: Ակնհայտ ճշմարտություն է, որ խորհրդային բժշկությունը ամենաառաջավորն էր եւ ուներ կանխարգելիչ բնույթ: Ավելի ճիշտ եւ հեշտ է կանխարգելել հիվանդությունը եւ դրանից բխող հանցագործությունը, քան հանցագործություն կատարելուց  հետո մեկուսացնել հիվանդին:

Պարոն Մինասյան այս ոլորտը վերահսկելի դարձնելու  եւ  բարեփոխություններ կատարելու համար Դուք ի՞նչ առաջարկներ ունեք:

Առաջին հերթին պետք է բարեփոխումներ կատարել պետական մակարդակով եւ իբրեւ ուղղորդող գործոն ունենալ առողջ մարդու անվտանգության եւ հոգեկան հիվանդի կողմից նրա հանդեպ  ոտնձգություններ կատարելու խնդիրը: Մենք` հոգեբույժներս կոչված ենք պաշտպանելու հոգեկան հիվանդների շահերը, սակայն մեր պարտքն է նաեւ զերծ պահել հոգեկան հիվանդին հանցագործություն կատարելուց:

Գաղտնիք չէ, որ երեւանում կենտրոնացված  են 5 խոշոր հոգեբուժական բուժհաստատություններ: Ճիշտ կլիներ մայրաքաղաքը բեռնաթափել նման  հաստատություններից եւ 50 մահճակալ ունեցող հոգեբուժական դիսպանսերներ ստեղծել հանրապետության բոլոր մարզերում, որպեսզի տեղում հնարավոր լինի կազմակերպել հիվանդների ստացիոնար բուժումն ու  ամբուլատոր  հսկողությունը: Փաստորեն  11 մարզերից միայն Երեւանի. Շիրակի, Լոռու,, Սյունիքի մարզերը ունեն հոգեբուժական դիսպանսերներ:

Ցանկանում եմ, խորհրդային բժշկությունից մի կարեւոր գործառույթ եւս կարեւորել: Դա հոգեկան հիվանդների բուժման մի ձեւ է, որը կոչվում է աշխատանքային թերապիա: Նախկինում հիվանդներին ընդգրկում էին տարբեր աշխատանքների մեջ: Հիվանդները աշխատում էին, եւ պետությանն էին օգուտ բերում, եւ ինքնահաստատվում, եւ վաստակում, եւ բուժվում: Հասկանալի է, որ այսօր պետությունը չունի նման հնարավորություններ, հատկապես , երբ հազարավոր առողջ մարդիկ են գործազուրկ: 

 

Զրուցեց` Լուսինե Մանանդյանը