Հայաստանը մեր լավ բարեկամ երկրներից է, և համագործակցության հարցում որևէ սահմանափակում չկա, Եվրասիական երկրներից ճանաչողական այցի շրջանակում Նյու Դելի այցելած լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով NEWS.am-ի հարցին, հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական արտադրության դեպարտամենտի փոխքարտուղար Անուրագ Բայփաիթեն՝ խոսելով երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարների մասին։
Հայաստանը, պաշտոնյայի փոխանցմամբ, արդեն որոշ զինատեսակներ ձեռք է բերել։
«Ցանկացած զինատեսակի արտահանումը, լինի Հայաստան թե որևէ այլ երկիր, մշտապես հիմնված է վերջնական օգտագործողի հավաստագրի պայմանների վրա. դրանով ներմուծող երկիրը պարտավորվում է օգտագործել ձեռք բերված զինատեսակները միայն իր տարածքում։ Համագործակցության հարցում որևէ սահմանափակում չկա, անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել»,- եզրափակել է հնդիկ պաշտոնյան։





























