Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը երկարատեւ գործընթաց է լինելու, նախնական գնահատումով մինչեւ 2030-2031-2032 թվականներ: Այս մասին նշվեց այսօր՝ հուլիսի 1-ին, քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ:
Բացի այդ, նշվեց, որ շինարարության մեկնարկը կարող է տրվել 2026-ից, եւ դեռ շատ բան կախված է ֆինանսավորման աղբյուրից:
Իր հերթին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Որքան ես հիշում եմ՝ նախագծով մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության համար ընդամենը 4 տարի էր նախատեսված: Ինձ համար մի քիչ տարակուսելի են փորձաքննությունների այսքան երկար տեւող պրոցեսները։ Շինարարության համար նախատեսված ժամկետը 4 տարի է՝ ըստ նախագծի։ Ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում պետք է այն ավարտվի։ Եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք, մենք խոստացել ենք «Աջափնյակ» կայարանը կառուցել, եւ այն կկառուցվի»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարող կուսակցությունը մետրոյի այս կայարանի կառուցումը դարձրել է գլխավոր նախընտրական խոստումը 2018թ. ավագանու ընտրություններում, բայց անգամ չի սկսել դրա իրականացումը։ Իրավիճակը կրկնվել է նաեւ 2023թ. ընտրություններում, սակայն, ինչպես արդեն ավելի քան ակնհայտ է, մետրոյի ոչ մի նոր կայարան Երեւանում չի ավարտվի մինչեւ ավագանու ներկա կազմի լիազորությունների ավարտը։ Եվ դա՝ այն դեպքում, երբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անգամ փորձել է խոսել եւս մեկ կայարանի՝ «Սուրմալուի» կառուցման մասին։



























