Մոլդովայի խորհրդարանն այսօր կրկին անգամ չի կարողացել երկրի նախագահ ընտրել: Սա արդեն թվով երրորդ դեպքն է, երբ Մոլդովայի խորհրդարանը փորձում է արտակարգ նիստում նախագահ ընտրել, սակայն չի հաջողվում, թեեւ առաջադրված է եղել միայն մեկ թեկնածու: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախագահի ընտրությունը տապալվել է Կոմունիստական կուսակցության պատգամավորների՝ ընտրությունը բոյկոտելու որոշման հետեւանքով։

Հիշեցնենք, որ խորհրդարանի մեծամասնությունը կազմող չորս եվրոպամետ կուսակցություններից բաղկացած իշխող կոալիցիայի միակ թեկնածուն էր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարիան Լուպուն։ Խորհրդարանում անցկացվող նախագահական ընտրություններում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է ստանա առնվազն 61 պատգամավորների քվեն։ Իշխող կոալիցիան խորհրդարանում ունի 53 մանդատ։ Ընդդիմադիր Կոմունիստական կուսակցության պատգամավորների թիվը 48 է։

Օրենքի համաձայն, եթե մեկ ամիս անց կայանալիք քվեարկությունների ժամանակ նորից չհաջողվի նախագահ ընտրել, Մոլդովայի խորհրդարանը պետք է ցրվի: