«Հարրի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգը բողոքել է Ռուփերթ Մերդոքի News of the World  պարբերականի դեմ` հայտնի մարդկանց հեռախոսազրույցները գաղտնալսելու կապակցությամբ:

Ըստ Associated Press-ի` նա պատմել է, որ լրագրողները սկսել են հետապնդել իրեն 1997թ. հրաշագործ Հարրի Փոթերի արկածների մասին առաջին գրքի լույս ընծայումից հետո: Գրողը նշել է, որ չի ցանկանում անտեսանելի դառնալ, բայց մշտապես վերահսկողության տակ գտնվելը նրան վախեցնում է: Ընդ որում, լրագրողները հետեւում են ոչ միայն նրան, այլեւ նրա երեք երեխաներին, մի անգամ Ռոուլինգն աղջկա պայուսակում լրագրողի երկտող է գտել:

Լրագրողների դեմ ցուցմունք է տվել նաեւ դերասանուհի Սիենա Միլլերը, որը նշել է, որ մամուլի չափից դուրս ուշադրության պատճառով իրեն շատ անօգնական էր զգում, ընդ որում`երբեմն վիճակը խելագարության աստիճանի էր հասնում. իրեն թվում էր, թե համակարգչային խաղի գործող անձ է: Միլլերը հավաստիացրել է, որ News of the World-ը գաղտնալսել է իր ձայնային փոստը:

Հիշեցնենք, որ օրերս բրիտանական մամուլի դեմ բողոքել է նաեւ հանրահայտ դերասան Հյու Գրանտը:
News of the World պարբերականը փակվել է հուլիսին` հեռախոսազրույցների գաղտնալսման սկանդալի հետեւանքով, իսկ նրա նախկին գլխավոր խմբագիրը կալանքի տակ է:

Գաղտնալսումների եւ հետապնդումների հետ կապված սկանդալի հրապարակային հետաքննությունը կազմակերպել էր Մեծ Բրիտանիսյի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, այն սկսվել էր 2011թ. հուլիսին: Հետաքննությունը պարզել էր, որ պարբերականը նաեւ մասնավոր խուզարկուներ է ունեցել` հայտնի մարդկանց հետեւելու համար, այդ գործում նաեւ ոստիկաններ են խառնված: