Կաբարդինո-Բալկարիայի ոստիկանությունը ձերբակալել է 10 մարդու ծայրահեղական հանրույթ՝ այսպես կոչված «շարիաթական պարեկ» ստեղծելու համար, տեղեկացրել է ՆԳՆ հանրապետության վարչությունը։
«Ծայրահեղական խմբի կազմակերպիչը Թըրնըաուզա քաղաքի 40-ամյա բնակիչն է։ 2017թ. մարտին նա հանցավոր խմբի գործունեության մեջ է ներգրավել ինը քաղաքացու։ Այսպես կոչված «շարիաթական պարեկի» մասնակիցները Թըրնըաուզայի տարածքում եւ նրա շրջակայքում գտել են քաղաքացիների, որոնց վարքը եւ կենսակերպը, նրանց կարծիքով, չէին համապատասխանում իրենց կրոնական-ծայրահեղական համոզմունքներին»,- նշվել է հաղորդագրությունում։
Գործով անցնողները տուժածների վրա հոգեբանական ճնշում են գործադրել եւ ծեծել մահակներով։ «Պարեկի» գործողություններից տուժել է 14 մարդ։ Քննության տարբերակով՝ խումբը գործել է մինչեւ անցած տարվա նոյեմբեր։
Կազմակերպչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 281.1 հոդվածի 1-ին մասով (ծայրահեղական հանրույթի ստեղծում), մյուսներին մեղադրում են հանցավոր հանրույթին մասնակցության մեջ։ Բոլոր ձերբակալվածներին սպառնում է 10 տարվա գաղութ։
Մի շարք իսլամական երկրներում գործում է այսպես կոչված շարիաթական ոստիկանություն։ Այն հետեւում է կրոնական նորմերի եւ հանրային բարոյականության պահպանմանը շարիաթի օրենքներին համապատասխան։ Որոշ պետություններում նման կազմակերպությունը ներքին գործերի նախարարության կառույցներից մեկն է համարվում։





























