Հայաստանն անկեղծորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման գործընթացում՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատման վրա։ Այս մասին հուլիսի 15-ին, Նյու Յորքում հայտարարել է  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` ներկայացնելով ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։

Նա, մասնավորապես, նշել է. «Գործընթացը ներառում է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկրների ինքնիշխանության ու իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա։

Այս պատկերացմամբ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի և հարևան երկրների միջև՝ այդպիսով տարածաշրջանի հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը հակամարտությունից փոխակերպելով դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն։

Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման ուղղությամբ, ինչը հաջողության հասնելու պարագայում հասկանալիորեն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»: