Ինչու կարելի է թույլ տալ ադրբեջանցիներին վերադառնալ Շուշի կամ Հադրութ, բայց չի կարելի թույլ տալ վերադառնալ Երեւան կամ Սիսիան: Ինչո՞վ ենք մենք Արցախից տարբերվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պահանջին՝ կապված մի քանի հարյուր ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու հետ:

«Հուլիսի 12-ին Էրդողանը հայտարարություն է անում, որ եթե Զանգեզուրի միջանցքը չի հանձնվում, խաղաղության պայմանագիր չի լինում, դա պետք է խաղաղության պայմանագրի վերջնակետը լինի: Առանց խաղաղության պայմանագրի հայ-թուրքական սահմանը չի բացվի: Հուլիսի 12-ից հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ, ռեստորան է գնացել, Չինաստանի արդեն նախկին դեսպանի հետ է հանդիպել, Վրաստանի ՊՆ նախարարի հետ է հանդիպել, Բեռլին է գնացել, հեծանիվ է քշել, Լոնդոն է գնացել, հեծանիվ է քշել, Ալիեւի հետ չի հանդիպել, բայց Էրդողանի խոսքերին արձագանքելու ժամանակ հավանաբար չի ունեցել:

Մենք կարո՞ղ ենք ողջամիտ կասկած ունենալ, որ այս ամենի մասին արդեն պայմանավորվել են իրենք, բայց առիթ են փնտրում լեգիտիմացնելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել փակ դռների հետեւում»,-ասաց նա:

Բենիամին Մաթեւոսյանը հիշատակեց Նիկոլ Փաշինյանի դեռեւս 2001-ին գրված «Մենք եւ մեր շհերը» հոդվածը եւ ասաց. «Մարդիկ թող հետեւյալ հարցին պատասխանեն՝  մենք այս վիճակում ենք հայտնվել, որովհետեւ պարտվե՞լ ենք պատերազմում եւ ստիպված ենք հանձնել միջանցքը եւ այլն, թե՞ մենք հատուկ ենք պարտվել պատերազմում, որ ստեղծվի այսպիսի վիճակ եւ մենք հանձնենք միջանցքը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Անդրադառնալով Լոնդոնում Փաշինյան-Ալիեւ չկայացած հանդիպմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի՝ իրար հակասող հայտարարություններին, փորձագետը նշեց. «Եթե կողմերը իրար հակասող հայտարարություններ են անում, նշանակում է կողմերից մեկը ստում է: Ալիեւը ինչ-որ մանրամասներ է ներկայացրել, ես չգիտեմ՝ որքանով է դա իրականությանը համապատասխանում, որքանով ոչ, բայց ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին եւս մանրամասներ ներկայացնել, թե կոնկրետ ինչ առաջարկ է եղել, արդյոք Ալիեւի խոսքերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ բրիտանիայի վարչապետի մասնակցության հանդիպման հետ կապված: Այս չկայացած հանդիպումն ինչի՞ դրսեւորում է:

Եթե հանդիպումը չի կայանում, մենք դիվանագիտական առումով խնդիր ունենք, իսկ երբ դիվանագիտությունը չի աշխատում, թնդանոթներն են աշխատում: Այս ամենն ինչի՞ հետեւանք է, որովհետեւ շատ կոնկրետ վերցրած մի անձնավորություն, որոշել է, որ ինքը ոչնացնում է եռակողմ բանակցային ֆորմատը՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան, դուրս է գալիս այդ ֆորմատից, հրաժարվում է նոյեմբերի 9-ի համաձայնություններից, Արցախը հանձնում է  Ադրբեջանին եւ դա բացատրում նրանով, որ Ադրբեջանն էլ իր կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը կճանաչի: Դա տեղի չի ունենում, բայց էդ արեւմտյան բանակցային հարթակում բանակցությունները ինչ-որ ֆորմատով, ինչ-որ պարբերականությամբ շարունակվում են: Հիմա Ադրբեջանի կողմից առաջարկված տարբերակներից մեկը Մեծ Բրիտանիայում բանակցություններն էին՝ Բրիտանիայի վարչապետի մասնակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը, որ հրաժարվում էր եռակողմ ֆորմատից, ինքը չէր հասկանո՞ւմ, որ վերջում մենք այս ֆորմատի առաջ կարող ենք կանգնել»: