ՅԱԿ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված 26-ամյա Արմեն Իսախանյանը երկու զավակ ունի. փոքր տղան մեկ տարին էլ չի բոլորել: Այսօր՝ հուլիսի 22-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հանդիպումը Բագրատ Սրբազանը սկսեց օրեր առաջ Եղվարդ քաղաքի մոտ ՅԱԿ-52 ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացածների ընտանիքների ուղղված ցավակցության խոսքով:
«Վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանը և կուրսանտ Արմեն Խաչատրյնաը: Մեր տղաները, որոնք կրթություն էին ստացել և մեր բանակում կարևորագույն դերակատարություն ունեցող մարդիկ էին, ինչ-ինչ պատճառներով՝ անսարքության, անփութության, զոհվել են: Մեր պարտքն է յուրաքանչյուր զոհվածին անդրադառնալ, աղոթել նրանց հոգիների խաղաղության համար և մեր կարեկցանքն ու աջակցությունը հայտնել նրանց ընտանիքներին»,-նշեց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով, երկու օր առաջ ավտովոթարի զոհ է դարձել Սրբազան պայքարի ակտիվ մասնակից Էրիկ Մեղրյանը:
«Էրիկը և Մեղրյանների ընտանիքը միշտ ներկա են գտնվել հավաքներին»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը ցավակցություն հայտնեց նաև երեկ՝ հուլիսի 21-ին մահացած՝ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանի հարազատներին:
«Հիվանդության բացահայտումից ընդամենը երկու օր առաջ հանդիպեցինք Հովհաննեսի հետ: Այսօրվա պես հիշում եմ մեր խոսակցությունը. ասացի՝ որ մի օր չենք տեսնում քեզ, կարոտում ենք, այնպես որ, մի՛ թաքնվիր որևէ տեղ: Մեր զավակները մեկ-մեկ մեկնում են: Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, և մեր ապրածի ողջ ճշմարտությունն այդ մեկ րոպեի մեջ է։
Մահվանից վախենալ պետք չէ, բայց ինչպե՞ս ենք այն դիմավորելու։ Կրկնում եմ, որ անձնապես, ես ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել, որ այդ մեկ րոպեն ինձ համար այն ժամը դառնա, որ ձեռքերս մեկնեմ ու ասեմ՝ Տեր, ինչ-որ տվել ես, ուզեցի, որ ավելիով քեզ վերադարձնեմ, քոնը՝ քեզ»,-ասաց Բագրատ Սրբազանը։



























