Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանին վերջին 5 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ ոստիկանության կողմից տեղեկանք չտալու փաստը, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց. «Գործում է ոչ թե օրենքը, այլ իշխանության վախը: Նրանք ցանկացած որոշում կընդունեն, խախտելով ցանկացած օրենք, տալով ամենազավեշտալի հիմնավորումը, միայն թե կատարեն այն, ինչը համարում են քաղաքականապես նպատակահարմար»:
Հարցին, թե ինչպիսի՞ն են լինելու Կոնգրեսի գործողությունները, եթե այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանին չգրանցեն պատգամավորության թեկնածու, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Մենք օգտագործելու ենք բոլոր իրավական մեխանիզմները, դիմելու ենք միջազգային հանրությանը, անելու ենք ցանկացած քայլ, որպեսզի օրինականությունը վերականգնվի: Անգամ եթե դա չհաջողվի, միեւնույնն է՝ պայքարը շարունակվում է, ՀԱԿ-ը ոչ մի տրամադրություն չունի զիջելու կամ ավարտելու սահմանադրական կարգի եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնման համար պայքարը»:
Նա նաեւ ընդգծեց, որ եթե Ն. Փաշինյանը չգրանցվի թեկնածու, ՀԱԿ-ը որեւէ այլ թեկնածուի չի սատարելու, քանի որ, ի սկզբանե ասել է, որ իրենց մանդատ պետք չէ այդ «կամակատար, խամաճիկ» ԱԺ-ում: «Մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ, իսկ այս ընտրությունները դիտարկում ենք որպես գործիք, քաղբանտարկյալների իրավունքի վերականգնման համար»,- ասաց նա:



























