Գիտնականները պարզել են, որ շները ոչ միայն զգում են սթրեսի հոտը, որը տվյալ դեպքում արտահայտվում է կորտիզոլ հորմոնի ավելի բարձր մակարդակով, այլև էմոցիոնալ արձագանքում են դրան։
Նոր հետազոտության համար, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, Անգլիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները հավաքագրել են տարբեր ցեղատեսակի 18 շուն՝ նրանց տերերի հետ միասին: Տասնմեկ կամավորներ, որոնք անծանոթ էին շներին, ենթարկվել են սթրես-թեստի, որը ներառել է հրապարակային ելույթներ և թվաբանություն, իսկ նրանց թևատակում առաջացած քրտինքի նմուշները հավաքել են գործվածքի կտորների վրա:
Այնուհետև մասնակից մարդիկ լիցքաթափման վարժություններ են կատարել, որը ներառել է մեղմ լուսավորությամբ, փափուկ աթոռին նստած, բնության տեսահոլովակի դիտում, ինչից հետո քրտինքի նոր նմուշներ են հավաքել: Հետազոտության ընթացքում օգտագործվել են այս կամավորներից երեքի քրտինքի նմուշները: Մասնակից շներին բաժանել են երեք խմբի և քրտինքի նմուշները տել հոտոտելու։
Մինչ այդ, շներին վարժեցրել էին ճանաչել, որ մի տեղում դրված կերակրամանում ուտելիք կա, իսկ մյուսում՝ ոչ: Փորձարկումների ընթացքում ուտելիք չպարունակող կերակրամանները երբեմն դրվում էին «ոչ միանշանակ» երեք տեղերից մեկում: Փորձարկումներից մեկի ժամանակ, երբ շները հոտոտել էին սթրեսային վիճակում գտնվող կամավորի քրտինքի նմուշը, նրանք ավելի հազվադեպ էին մոտենում կերակրամանին, ենթադրելով, որ այնտեղ ուտելիք չկա։
Ըստ հետազոտության առաջատար հեղինակ և Բրիստոլի համալսարանի անասնաբուժական դպրոցի ասպիրանտ Պար-Կորտեսի, երբ շները սթրեսային մարդկանց շրջապատում են, նրանք անորոշ իրավիճակներն ավելի հոռետեսորեն են ընկալում, մինչդեռ «հանգիստ» հոտով մարդկանց շրջապատում այդ ազդեցությունը բացակայում է։
«Հազարավոր տարիների ընթացքում շները սովորել են ապրել մեզ հետ, և նրանց էվոլյուցիայի մեծ մասը տեղի ունեցել մեր կողքին: Ե՛վ մարդիկ, և՛ շները սոցիալական կենդանիներ են, և մեր միջև զգացմունքային վարակ կա: Խմբի մեկ այլ անդամից եկող սթրեսը զգալու ունակությունը, հավանաբար, օգտակար է եղել, քանի որ այն նախազգուշացնում էր վտանգի մասին, որը խմբի մյուս անդամն արդեն հայտնաբերել էր»,- նշել է գիտնականը:




























