ԱՄՆ-ը եւ դաշնակիցները Իսրայելին եւ Իրանին ազդանշան են հղել այն մասին, որ ոչ ոք չպետք է գնա հետագա թեժացման։ Այս մասին «երկու գումարած երկու» ձեւաչափով ամերիկա-ավստրալական բանակցությունների ժամանակ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել Մերձավոր Արեւելքում լարվածության թուլացման ուղղությամբ։ Վերջին մի քանի օրերին մենք մշտական շփումներ ենք պահպանում տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս գործընկերների հետ»,- ասել է նա Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) մամուլի ասուլիսում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները «համակարծիք են, որ ոչ ոք չպետք է ձգտի թեժացման»։ «Մենք դիվանագիտական կապեր ենք պահպանում դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ այդ ազդանշանն ուղիղ հասցնելով Իրանին։ Մենք այդ ազդանշանն ուղիղ հասցնում ենք Իսրայելին»,- նշել է Բլինքենը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ապահովել Իսրայելի անվտանգությունը, եւ որ դա «անսասան է»։ «Մենք կշարունակենք պաշտպանել Իսրայելին ահաբեկիչների եւ նրանց հովանավորների գրոհներից, այնպես, ինչպես կշարունակենք պաշտպանել մեր զորքերը»,- նշել է Բլինքենը։ Նրա խոսքով՝ հետագա գրոհները կսպառնան «վտանգավոր հետեւանքներով, որոնք ոչ ոք չի կարող կանխատեսել կամ լիովին վերահսկել»։





























