Հունաստանում շինարարները հայտնաբերել են հին խճահատակ երկու սատիրների պատկերով, գրել է Live Science-ը։

Դրանք հունական առասպելաբանության անտառային աստվածությունների կերպարներ են, որոնք սերտորեն կապված են գինու աստված Դիոնիսոսի հետ։

Հունաստանի մշակույթի նախարարության հայտարարության համաձայն՝ խճահատակը ծովափնյա Էրիթրեա քաղաքի մի մասն է կազմել։

Գիտնականները տունը թվագրել են ուշ դասական ժամանակաշրջանով կամ չորրորդ դարի կեսով, քանի որ խճահատակը նման է նրան, ինչը գտնվել է հարեւան շինությունում, որը հայտնի է որպես Խճերի տուն։

Խճապատկերը լավ վիճակում է, ունի 1,13 մետր լայնություն եւ պատրաստվել է տարբեր գույների խճերով ու պատկերել սատիրներին, որոնք պոչ, եղջյուրներ եւ սուր ականջներ ունեն։ Դրանցից փոքրը ֆլեյտա է նվագում, իսկ մորուքավոր տղամարդը պարում է երաժշտության տակ։

Հայտնաբերվել է նաեւ կրաքարե հատակ, որը ձգվել է շինության երեք կողմերի երկայնքով։ Այստեղ, հավանաբար, ապրել են տղամարդիկ, եւ այն ծառայել է որպես տոնական միջոցառումների անցկացման վայր։