ՌԴ գլխավոր հյուպատոսությունը Հոշիմինում հետեւել է իրավիճակին՝ կապված ռուսաստանցի Մարիա Դապիրկայի հետ եւ ցուցաբերել է օժանդակություն նրան հայրենիք վերադարձնելու համար, տեղեկացրել է ՏԱՍՍ-ին Հոշիմինում ՌԴ գլխավոր հյուպատոս Թիմուր Սադիկովը։

Վիետնամի իշխանությունները հինգշաբթի ռուսաստանցի կնոջը հանձնել են գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին՝ ՌԴ հասցնելու համար։

Նրա խոսքով՝ Ռոստովի բնակիչ Դապիրկային 2014թ. ձերբակալելու պահից ՌԴ դեսպանությունը Վիետնամում եւ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Հոշիմինում հայրենակցուհուն ցուցաբերել են հնարավոր աջակցությունը։

«Դատապարտյալին մշտապես այցելել են գլխավոր հյուպատոսության աշխատակիցները, որոնք պաշտպանել են նրա օրինական շահերը։ Նրա բոլոր անձնական եւ կենցաղային բնույթի խնդրանքները ուշադրության են առնվել եւ հնարավորինս իրականացվել»,- նշել է գլխավոր հյուպատոսը։

Նա նաեւ պատմել է, որ հատուկ պարեկախմբին ռուսաստանցու հանձնման գործընթացում հյուպատոսության ներկայացուցիչն օգնել է կնոջը հեռախոսակապ հաստատել հարազատների հետ Դոնի Ռոստովում։

2014թ. սեպտեմբերին այն ժամանակ 28-ամյա ռոստովցին ձերբակալվել էր Հոշիմինի միջազգային օդանավակայանում թմրանյութերի տեղափոխման համար։ Նրա ուղեբեռի մեջ հայտնաբերել են 2,7 կիլոգրամ կոկաին։ Աղջիկը մասնակցությունը մաքսանենգությանը հերքել է։ Դապիրկան պնդել է, որ թմրանյութերը իրեն նվիրված ճամպրուկում կարող էր դնել նիգերիացին, որի հետ նա ծանոթացել էր Թաիլանդում եւ սկսել էր հանդիպել նրա հետ։