Եղբորս՝ Արամ Երիցյանի հետ կապված, խախտվել է մարդու հիմնարար իրավունքը՝ պաշտպանության իրավունքը։ Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա հայտնել է, որ Արամ Երիցյանի նկատմամբ բռնություն է կիրառվել հիմնականում Ոստիկանության բաժնում, որտեղ նրան քաշքշել ու վիրավորել են ինչպես իրեն, այնպես էլ ընդհանրապես բոլոր ղարաբաղցիներին։

Նրա կարծիքով՝ իրավապահներն ամեն կերպ փորձում են ազատությունից զրկել Արամ Երիցյանին, օրինակ՝ երեկ նա 24 ժամ զրկված է եղել ազատությունից։

Փաստաբանը ենթադրեց, որ դա կարող է պայմանավորված լինել պարեկային ծառայության աշխատակիցների հասցեին հնչած քննադատությամբ, որը նախկինում բարձրաձայնել էր Ռոման Երիցյանը։

«ՄԻՊ գրասենյակի օպերատիվ արձագանքման խումբը, ահազանգ ստանալով Արամ Երիցյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին, շատ արագ ժամանել է Ոստիկանության բաժին, սակայն ոստիկանությունը ժամը 4-ի սահմաններում արգելել է նրանց հանդիպել եղբորս հետ, ով այդ ամբողջ ընթացքում ձեռնաշղթաներով էր։ Բացի այդ, ևս 3-4 ժամ հետո ինձ և մյուս փաստաբաններին թույլ չտվեցին մտնել Քննչական կոմիտեի բաժին, որտեղ պահվում էր եղբայրս։ Ավելին, պատգամավորներին արգելվել է մուտք գործել Քննչական կոմիտե»,- նշեց նա։

Ռոման Երիցյանը հավելեց, որ կալանավորման որոշումից հետո այս 72 ժամվա ընթացքում փաստաբանները չեն կարողացել տեսակցել վստահորդին։

«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ազդանշաններ չեմ ստացել եղբորս գտնվելու վայրի մասին, սակայն այս մասին տեղեկացել եմ այլ աղբյուրներից։ Երբ նրանք փորձեցին խոչընդոտել ինձ՝ որպես փաստաբանի՝ եղբորս հետ կապ ունենալուց, ես ինքս ծանուցեցի գրասենյակի աշխատակիցներին, որ ոստիկանության բաժնում եմ։ Իմ մուտքը բաժին չի ապահովվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցների կողմից, թեև վերջիններս որոշակի ջանքեր են գործադրել այս ուղղությամբ»,- ընդգծեց նա։
Օմբուդսմենի գրասենյակի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանն իր հերթին հայտնեց, որ արագ արձագանքման խումբը, ահազանգ ստանալով դեպքի մասին, դիմել է ոստիկանության բաժին։ 
«Գրասենյակի աշխատակիցներն արձանագրել են Երիցյանին մարմնական վնասվածքներ հասցնելու փաստը։ Օգոստոսի 2-ին գրություններ են ուղարկվել Գլխավոր դատախազություն և ՆԳՆ՝ պարզաբանումներ ստանալու համար։ Մեր աշխատակիցների միջնորդությամբ ապահովվել է փաստաբանի մուտքը կալանավորի մոտ»,- նշեց նա։
Մարտիրոսյանը հավելեց, որ մոտ ապագայում ՄԻՊ գրասենյակը բարեփոխումներ է նախաձեռնելու՝ կանխելու փաստաբանների՝ իրենց պաշտպանյալների հետ մուտքի ուշացումները։

Հիշեցնենք, որ Ռոման Երիցյանը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր եղբորը՝ Արամ Երիցյանին դաժան ծեծի են ենթարկել ոստիկանները և վնասվածքներով տեղափոխել ոստիկանություն՝ մեքենան արգելված վայրում կայանելու համար։ Ավելի ուշ, Հայաստանի ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ վստահեցնելով, որ բերման ենթարկելիս հենց Արամ Երիցյանն է հարվածել ու դիմադրություն ցույց տվել ոստիկաններին։ ՆԳՆ-ից հայտնել են, որ Երիցյանը ծեծի չի ենթարկվել, կոտրվածքներ չունի։

Օրեր առաջ դատարանը որոշեց մերժել Քննչական կոմիտեի միջնորդությունը և չկալանավորել Արամ Երիցյանին։ Սակայն Ռոման Երիցյանը օգոստոսի 6-ին հայտնել է, որ եղբորը կրկին բերման են ենթարկել։