Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան ապաստան չի փնտրի այլ երկրներում և կվերադառնա հայրենիք, երբ ժամանակավոր կառավարությունը որոշի երկրում ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնել է նրա որդին՝ Սաջիբ Վազեդ Ջոյը։

Նրա խոսքով՝ մայրը քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի։ «Նա այժմ Հնդկաստանում է: Նա կվերադառնա Բանգլադեշ, հենց որ ժամանակավոր կառավարությունը որոշի երկրում ընտրություններ անցկացնել»,- քաղաքական գործչի որդու խոսքերն է մեջբերում The Times of India թերթը։

Նա շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին «այսքան կարճ ժամանակում մոր կյանքը փրկելու համար»։

Օգոստոսի 5-ին Շեյխ Հասինան հրաժարական տվեց և հեռացավ Բանգլադեշից։ Նույն օրը նա թռավ Հնդկաստան: Ինչպես հայտնում է The Free Press Journal-ի հնդկական հրատարակությունը, նախկին վարչապետը ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից, սակայն բրիտանական իշխանությունների արձագանքի բացակայության պատճառով նա դիտարկել է Բելառուսում, Քաթարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Ֆինլանդիայում ապաստան տալու տարբերակները։