ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ օգոստոսի 15-ի բանակցություններին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վերադարձի կարեւորության մասին, որպեսզի վերջնականապես համաձայնեցվեն Գազայում անհապաղ հրադադարի հաստատման եւ պատանդների ազատման շրջանակները։ Այս մասին նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելի հաղորդագրությունում։
«Պետքարտուղար Բլինքենը երախտագիտություն է հայտնել Թուրքիային օգոստոսի 1-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների ազատությունն ապահովելու եւ ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի համատեղ հայտարարությանն աջակցելու համար, որում կոչ է արվում վերսկսել Գազայի հատվածում հրադադարի մասին բանակցությունները»,- նշվել է հաղորդագրությունում։
Նաեւ նշվել է, որ ԱՄՆ պետքարտուղարը եւ Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են Սուդանում բռնության դադարեցման հրատապությունը Շվեյցարիայում օգոստոսի 14-ին կայանալիք Սուդանի Զինված ուժերի եւ Արագ արձագանքման ուժերի միջեւ բանակցությունների նախօրեին։
«Բլինքենը աջակցություն է հայտնել Թուրքիայի միջնորդությանը Եթովպիայի եւ Սոմալիի միջեւ հարաբերություններում»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի հաղորդագրությունում։





























