Գերմանական Lufthansa Group-ը շարունակել է փոփոխություններ մտցնե դեպի Մերձավոր Արևելք թռիչքների չվացուցակում՝ տարածաշրջանում հետագա լարվածության սրացման սպառնալիքի պատճառով։ Նոր ճշգրտումների մասին հայտարարել է շվեյցարական SWISS-ը՝ գերմանական Deutsche Lufthansa AG ավիաընկերության դուստր ձեռնարկությունը:

Ըստ Deutsche Welle-ի՝ Իսրայելի Թել Ավիվ և Լիբանանի Բեյրութ բոլոր չվերթները մինչև օգոստոսի 21-ը ներառյալ չեն իրականացվի։ SWISS-ը չեղարկումից տուժած ուղևորներին առաջարկում է անվճար վերամրագրել իրենց չվերթը: Մինչև օգոստոսի 31-ը տոմսեր ձեռք բերած հաճախորդները կարող են անվճար չեղարկել իրենց ամրագրումը, եթե որոշեն չճանապարհորդել։

Ինչպես պարզաբանել է Ֆրանսպրես գործակալությունը, Lufthansa Group-ի չվերթները մինչև օգոստոսի 21-ը դեպի Թեհրան, Ամման և Էրբիլ ևս չեն իրականացվի:

Միևնույն ժամանակ, ֆրանսիական Air France ավիաընկերությունը և նրա դուստր Transavia France-ը մինչև հաջորդ չորեքշաբթի երկարաձգել են դեպի Բեյրութ թռիչքների դադարեցումը։ Ըստ երկու ավիաընկերությունների ներկայացուցիչների՝ թռիչքների վերսկսումը հնարավոր կլինի «տեղում իրավիճակի» նոր գնահատականից հետո։ Միաժամանակ Air France-ը թռիչքները դեպի Թել Ավիվ շարունակում է։