Այն, որ արևմտյան քաղաքական գործիչներն այլևս չեն խոսում «կարմիր գծերի» մասին՝ արձագանքելով Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողությանը, կարելի է ողջախոհության հաղթանակ համարել, Ուկրաինա կատարած այցի ժամանակ LRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Լաուրինաս Կաշչյունասը։
Ըստ Կաշչյունասի՝ այժմ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները պետք է կատարեն հաջորդ տրամաբանական քայլերը և առաջին հերթին Ուկրաինային տրամադրեն բավականաչափ հեռահար սպառազինություն, և երկրորդ՝ թույլ տան, որ դրանք օգտագործվեն Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ, հայտնել է BBC-ն։
«Ուկրաինացիները ցանկանում էին ցույց տալ, որ ունակ են նման գործողությունների, որ կարող են հակագրոհ ձեռնարկել, կարող են մանևրել։ Հիմա, կարծում եմ, այն ձայները, որոնք ասում էին` ոչ, Ռուսաստանին անհնար է հաղթել, ժամանակն է, որ լռեն: Կաշչյունասը նշել է, որ Լիտվան պետք է շարունակելի օգնել Ուկրաինային զենքով, որ ոչ միայն իրենք իրենց պաշտպանեն, այլև հետ ստանալ այն, ինչ իրենց է պատկանում:
Ըստ Լիտվայի նախարարի՝ Կուրսկի մարզում գործողությունը նվաստացում էր նաև ՌԴ նախագահ Պուտինի համար և միաժամանակ ուկրաինացի զինվորների մարտական ոգու բարձրացում:
Թե ինչպիսին կլինեն արդյունքները «գետնի վրա», Կաշչյունասի համար այնքան էլ ակնհայտ չէ: Նա խոստովանում է, որ ուկրաինական բանակի համար դժվար կլինի երկար ժամանակ տարածք պահել Կուրսկի մարզում, բայց միևնույն ժամանակ ենթադրում է, որ գործողության արդյունքները կամրապնդեն Ուկրաինայի դիրքերը ապագա բանակցություններում։





























