Ռուսաստանից Չինաստան այս տարվա հուլիսին հում նավթի ներկրման ընդհանուր ծավալն նախորդ տարվա հուլիսի համեմատ 7,4%-ով նվազել է և կազմել օրական 1,76 միլիոն բարել։
Սա ամենացածր մակարդակն է 2022 թվականի սեպտեմբերից ի վեր, գրում է Reuters-ը։
Չինաստանում վառելիքի պահանջարկի նվազումը վերջին մի քանի ամիսների ընթացքում շարունակվել է։
Եթե 2024 թվականի մարտին Չինաստանն ավելացրել է ռուսական նավթի ներմուծման ծավալը, այն հասցնելով օրական 2,55 միլիոն բարելի, ապա երկրորդ եռամսյակում սկսվել է ներմուծման կրճատում. մարտի ցուցանիշների համեմատ հուլիսին 30%-ով նվազել է, հայտնում է Deutsche Welle-ն։
Այս գործընթացը չկարողացավ կասնեցնել անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփին հետ մայիսյան հանդիպումը։
Հետագա ամիսներին, ինչպես գրում է The Moscow Times-ը, ռուսական հումքի պահանջարկի նվազումը նույնիսկ արագացել է։
Reuters-ն այդ միտումը բացատրել է նրանով, որ վերամշակման ցածր մարժան և վառելիքի ցածր պահանջարկը սահմանափակել են Չինաստանի պետական և անկախ նավթավերամշակման գործարանների գործունեությունը:
Միաժամանակ Պեկինը սկսում է ավելացնել նավթի գնումները այլ մատակարարներից։
Այսպես, Սաուդյան Արաբիայից մատակարարումները հուլիսին աճել են 13%-ով, նախորդ տարվա համեմատ կազմելով օրական 1,51 միլիոն բարել, իսկ Մալայզիայից ներմուծումը` 61%-ով, տարեկան կտրվածքով կազմելով օրական 1,46 բարել։
Չինաստանը ռուսական նավթի ամենախոշոր գնորդն է, և այս երկիր ներմուծման անկումն անդրադարձել է արտասահմանում վառելիքի վաճառքից Մոսկվա ստացած եկամուտների վրա։
Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների ֆիննական CREA կենտրոնի տվյալներով՝ հուլիսին հանածո վառելիքի արտահանումից Ռուսաստանի ամսական եկամուտը կազմել է օրական 656 միլիոն եվրո, ինչը 2024 թվականի ամենացածր ցուցանիշն է։





























