Հայաստանի Հանրապետության համար չպետք է լինի «հակա-ներով» արտաքին քաղաքականություն։ Հայաստանը պետք է վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ իր նախկին կարգավիճակին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ ասաց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Հայաստանն աշխարհաքաղաքական ուժերի թատերաբեմ դարձնելը մերժելի է ու անընդունելի։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով»,–նշեց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով, Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, միաժամանակ պատրաստակամ լինելով նոր հարաբերություններ ու նոր բարեկամներ, դաշնակիցներ ձեռբերելուն։

«Այս ամենի հիմքում պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական շահը, հայկական օրակարգը»,–հավելեց շարժման առաջնորդը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների հանդիպումը։ «Սրբազան շարժման» առաջնորդը ներկայացնում է շարժման հետագա քայլերը։