Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի՝ օգոստոսի 26-ին, առաջին խորհրդակցություններն է անցկացրել խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների և երկու պալատների ղեկավարների հետ։ Ըստ Euronews-ի՝ երկրի ղեկավարի հետ հանդիպումների մասնակիցները բանակցություններից անմիջապես հետո մեկնաբանություններից ձեռնպահ են մնացել։

Երեկոյան Ելիսեյան պալատը, խորհրդակցություններին հաջորդած կոմյունիկեն հրապարակելով, պաշտոնապես հաստատել է, որ Մակրոնը մերժում է ձախակողմյան կառավարության տարբերակը։

«Խորհրդակցություններից հետո նախագահը հայտարարեց, որ կառավարությունը, ելնելով «Նոր ժողովրդական ճակատի» միակ ծրագրից, խորհրդարանական այլ կուսակցությունների կողմից անմիջապես կենթարկվեր անվստահության քվեի: Նման կառավարությունն անարդյունավետ կլիներ»,-նշված է տեքստում։

Այսպիսով, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի առաջարկած թեկնածությունը հանրապետության վարչապետի պաշտոնում չանցավ։ Խոսքը 37-ամյա տնտեսագետ Լյուսի Կաստեի մասին է։ Օգոստոսի 27-ից կուսակցությունների ներկայացուցիչների և փորձառու քաղաքական գործիչների հետ մեկնարկում է խորհրդակցությունների նոր փուլը։

Հիշեցնենք, որ երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններում ծայրահեղ աջերը ցույց տվեցին ռեկորդային արդյունք, ընդսմին զբաղեցրեց երրորդ տեղը՝ պարտվելով իրենց դեմ համախմբված ուժերին՝ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիային և Միասին՝ հանուն հանրապետության» կենտրոնամետ նախագահական դաշինքին: