Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Մոլդովայի ժողովրդին Անկախության օրվա առիթով՝ նշելով, որ վաղեմի բարեկամների երկխոսությունը պետք է նպաստի ժամանակակից մարտահրավերների հաղթահարմանը։ Այս մասին տեղեկացրել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում։
«Մինսկը միշտ Քիշնեւը համարել է հուսալի գործընկեր եւ պատրաստ է վերականգնել կառուցողական համագործակցությունը։ Միայն վաղեմի բարեկամների եւ հարեւանների իրավահավասար եւ հարգալից երկխոսությունը կարող է նպաստել ժամանակակից մարտահրավերների հաղթահարմանը»,- նշել է Լուկաշենկոն իր շնորհավորանքում։
Նա ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդները բազմամյա բարեկամության ամուր կապեր ունեն՝ հիմնված ընդհանուր հոգեւոր եւ բարոյական արժեքների, մշակութային ավանդույթների, համատեղ հերոսական անցյալի վրա։ «2024թ. երկու երկրները նշում են ֆաշիզմից ազատագրման 80-ամյակը։ Բելառուսում վառ են պահում Մոլդովայի բնակիչների հիշատակը, որոնք զոհվել են բելառուսական հողի ազատագրման համար Հայրենական մեծ պատերազմի տարիներին»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ այժմ հազարավոր բելառուսներ, որոնք ապրում են Մոլդովայում, եւ մոլդավացիներ, որոնք իրենց կյանքը կապել են Բելառուսի հետ, շարունակում են աշխատել, ստեղծել ինտերնացիոնալ ընտանիքներ՝ «անձնական օրինակով ցույց տալով մեր փոխհարաբերությունների բաց եւ արարող բնույթը»։ Բելառուսի նախագահը Մոլդովայի բոլոր քաղաքացիներին մաղթել է խաղաղ երկինք, կայունություն եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ։





























