Նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը Երևանի պետական համալսարանի ուսանողներին ներկայացնելով «Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցը, տեղեկացրել է, որ ճգնաժամի հետևանքով Հայաստանում աղքատության մակարդակը կարող է ավելանալ 5 տոկոսով եւ կազմել 25 տոկոս: Նա նշել է, որ մեկ անձի համար եկամուտների աճ եւ աղքատության կրճատում է ակնկալվում այնպիսի երկրներում ինչպիսիք են Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, իսկ ահա Հայաստանում, Վրաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում սպասվում է աղքատության աճ: Ըստ ԱՄՀ կանխատեսումների, բնակչության եկամուտները կնվազեն 5 տոկոսով, քանի որ նվազել են դրսից փոխանցվող մասնավոր տրանսֆերտները: «Աշխատաշուկաներում պահանջարկի թուլացումը կարող է հանգեցնել գործազրկության ավելացման, իսկ փոխարժեքների անկումն արդեն հանգեցրել է սպառողների համար արտահանվող գների որոշակի ավելացման», — ասել է Օմեսը:
Նշենք, որ «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը» զեկույցի համաձայն, 2008 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կրճատվել է 1,5 տոկոսով և կազմել է 23,5 տոկոս: Նկատենք նաեւ, որ վերջին օրերին արդեն լայն սպառման ապրանքների գների կտրուկ աճ է գրանցվել, որը էլ ավելի մեծ կլինի, երբ 2010-ի ապրիլին բարձարնան գազի ու էլեկտրաէներգիայի սակագները:




























