Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, ժամանել է Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Մեծ Բրիտանիան և Գերմանիան նոր պաշտպանական համաձայնագիր են կնքում, որը հիմքում Ուկրաինային օգնությունն է։ Երկու երկրները հաստատել են իրենց հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, գրում է բրիտանական The Guardian պարբերականը։
Համատեղ մամուլի ասուլիսում Սթարմերը նշել է, որ նոր համաձայնագիրն ընդլայնում է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև պաշտպանական մեծ համագործակցությունը, որպեսզի երկրները կարողանան միասին դիմակայեն «անկայուն աշխարհի սպառնալիքներին»:
«Դա, իհարկե, նշանակում է ընդհանուր վճռականություն՝ պաշտպանելու մեր ժողովրդի և ավելի լայն եվրոպական մայրցամաքի անվտանգությունը, և դա սկսվում է Ուկրաինային մեր անսասան աջակցությամբ»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Ըստ նրա՝ Բրիտանիան և Գերմանիան, որպես եվրոպական երկրներ, որոնք ամենամեծ ներդրումն են ունեցել Ուկրաինայի ռազմական ջանքերում, և որպես ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներից ամենաբարձր պաշտպանական ծախսեր ունեցող երկրները, «լավ գիտեն իրենց պարտավորությունն ուկրաինացի ժողովրդի հանդեպ, որը պայքարում է ոչ միայն իրեն, այլև Եվրոպայի բոլոր մարդկանց պաշտպանելու համար»:
«Այսօր մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - հավելել է Սթարմերը:





























