Մայկոպում շարունակվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շինարարությունը, որը կառուցվում է ծխականների բազմաթիվ խնդրանքով։ Շինարարությունը ֆինանսավորում է AVA Group հոլդինգի նախագահ Վահան Հարությունյանը, գրում է «Коммерсантъ»-ը։

Նոր շինությունը կդառնա Մայկոպի Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրի շարունակությունը։ Դեռևս 2001 թվականին կառուցված մատուռը վաղուց չի կարողացել ընդունել բոլոր ցանկացող ծխականներին: Ադիգեայում գրեթե 15 հազար հայ է ապրում, նրանցից շատերը պարբերաբար մասնակցում են կիրակնօրյա Սուրբ Պատարագին։ Այդ պատճառով եկեղեցու ծխական խորհուրդը որոշել է նույն տարածքում՝ 1999 թվականին ստեղծված և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական ​​բաժնի համաձայնեցված նախագծով նոր տաճար կառուցել։

«Մարդիկ իսկապես այս տաճարի կարիքն ունեն, քանի որ Ադիգեայում մեծ հայկական սփյուռք կա: Հենց եկեղեցին և համայնքն է ընտանիքի հետ միասին առանցքային դերակատարում ունենում մեր երեխաների անհատականության ձևավորման և դաստիարակության գործում: Հատկապես այստեղ՝ այս տաճարային համալիրում, որտեղ մատուռի հետ մեկտեղ երեխաների համար նաև կիրակնօրյա դպրոց է գործում։ Հավատքը մեզ բոլորիս սովորեցնում է մարդասեր լինել: Աստված մեզ հնարավորություններ է տվել, ուստի ես ուրախ եմ աջակցելու այս տաճարի կառուցմանը: Ինձ համար սա շատ անկեղծ ու անձնական պատմություն է»,- ասում է AVA Group հոլդինգի նախագահ Վահան Հարությունյանը։

Ապագա տաճարը կառուցվում է Հայ առաքելական եկեղեցու բոլոր ավանդույթներով ու կանոններով։ Շինության մակերեսը՝ 240 քառ. մետր է, պահոցների բարձրությունը 24 մետր է, այն միաժամանակ կտեղավորի մինչև 250 մարդու։ Իսկ գրեթե 5,5 հազար քառակուսի մետր տարածքի վրա բարեկարգված հարմարավետ գավիթ կլինի ծխականների համար։

Շինարարներն արդեն սկսել են կամարների կառուցման աշխատանքները, որին կհաջորդի տանիքի տեղադրումը։

Մայկոպում նոր տաճարի կառուցումը մեկնարկել է 2023 թվականի մայիսի 23-ին, Սիմոն Կանանացի Առաքյալի հիշատակի օրը՝ Հիսուս Քրիստոսի տասներկու ամենամոտ աշակերտներից մեկի:

Ըստ ավանդապատումի՝ հենց նրա տանն է տեղի ունեցել առաջին արձանագրված հրաշքը, երբ Փրկիչը ջուրը վերածել է գինու։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2026 թվականին։